Մարտի 2-ին ռազմական էսկալացիայի սկսվելուց ի վեր մահացածների ընդհանուր թիվը հասել է 3433-ի, վիրավորվել է 10395 մարդ, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Լիբանանի առողջապահության նախարարությանը։
Նշվում է, որ Իսրայելի ռազմաօդային ուժերը և անօդաչու թռչող սարքերը անընդհատ հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային և արևելյան հատվածներում գտնվող բնակավայրերին, որի հետևանքով վերջին 24 ժամվա ընթացքում զոհվել է 21 և վիրավորվել 126 մարդ։
Այսօր ավելի վաղ հայտնել էինք, որ Լիբանանի մայրաքաղաքի հարավային արվարձանների բնակչությունը զանգվածաբար լքում է տները՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի՝ Բեյրութի ռմբակոծությունների վերաբերյալ սպառնալիքներից հետո։
Իսրայելի և «Հըզբոլլահ»-ի միջև հակամարտությունը սրվել էր փետրվարի վերջին Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայել համատեղ ռազմական գործողության մեկնարկից հետո։ Ապրիլի կեսերին, ԱՄՆ միջնորդությամբ Վաշինգտոնում կայացել էին Իսրայելի և Լիբանանի դեսպանների նախնական խորհրդակցությունները, որոնք վերջին 30 տարվա ընթացքում երկու երկրների ներկայացուցիչների առաջին ուղիղ բանակցություններն էին՝ ուղղված հակամարտության կարգավորման քայլերի քննարկմանը։ Մայիսի 15-ին Վաշինգտոնը հայտարարել էր, որ Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարը կերկարաձգվի 45 օրով։
