Ավելի վաղ վրացական մամուլը հայտնել է երկու ՀԿ ղեկավարի ձերբակալության մասին։ Նրանցից մեկը՝ Գուլբաաթ Ռցխելիձեն ձերբակալությունից երկու առաջ սոցցանցային գրառում է կատարել, որ այլ ՀԿ-երի հետ «կազմում են Վրաստանում հակառուսաստանյան քարոզչություն իրականացնող անձանց ցուցակը»։ Ենթադրվում է, որ նա ձերբակալվել է Ռուսաստանի հատուկ ծառայությունների հետ համագործակցության և նրանց Վրաստանի անվտանգությանը վերաբերող տեղեկություն փոխանցելու համար։ Վրաստանի փոխվարչապետ Մդինարաձեն բացահայտել է, որ ձերբակալված երկրորդ անձը՝ Իրակլի Չիխլաձեն, կապված է Ռցխելաձեի հետ։
Ըստ Մդինարաձեի, Չիխլաձեն «հանդիսացել է լրտեսական ցանցի ղեկավարը՝ դրամական միջոցները և հանձնարարությունները բաշխելով մասնակիցների միջև»։ Խոսքն, այսպիսով, ոչ թե երկու անձի անահատական գործունեության, այլ Վրաստանում ստեղծված լրտեսական ցանցի մասին է։ Չափազանց արտառոց է, որ, ինչպես Մդինարաձեն է ասել, «Պետական անվտանգության ծառայությունը ձերբակալել է միայն այն անձանց, ովքեր, չնայած արված նախազգուշացումներին, իրենց գործունեությունը չեն դադարեցրել»։
Կարելի է ենթադրել, որ Վրաստանի հատուկ ծառայությունները փորձել են կանխել լրտեսական գործունեությունը, որպեսզի բացահայտումը քաղաքական հնչեղություն չստանա և չբարդացնի ռուս-վրացական հարաբերությունները, բայց երբ համոզվել են, որ գործ ունեն ցանցային համակարգի հետ, դիմել են կոնկրետ քայլերի։ Վրաստանի փոխվարչապետ-պետական նախարար Մդինարաձեի մակարդակով արված բացահայտումները վկայում են, որ «Վրացական երազանքը» հարկադրված է Ռուսաստանին «նախազգուշական ազդակ» հղել։
Ուշագրավ է, որ Վրաստանի Պետական անվտանգության ծառայության կողմից Ռուսաստանի «լրտեսական ցանցի բացահայտումը» հաջորդել է ԱՄՆ պետական դեպարտամենտի ներկայացուցիչների Թբիլիսի այցին, որի ընթացքում նրանք բանակցություններ են վարել փոխվարչապետ-արտաքին գործերի նախարար Բոճորիշվիլիի հետ։ Երկու «ռուսաստանյան լրտեսի» ձերբակալումը, ապա «պետական դավաճանության» մեղադրանքով կալանավորումը, հավանական է, Վրաստանի կառավարության կողմից Եվրամիությանը արված «կանխավճար» է։
