Սամվել Կարապետյանի օգնությունը ԶՈւ-ին բազմակողմանի է, անձամբ եմ բանակցել․ Տոնոյան

Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը Զինված ուժերին 44-օրյա պատերազմի ժամանակ էական և բազմակողմանի աջակցություն է ցոուցաբերել: Այս մասին նա հայտնել է ճեպազրույցի ընթացքում՝ մեկնաբանելով պատերազմի շրջանում Կարապետյանի դերի վերաբերյալ իշխանության ներկայացուցիչների հայտարարությունները:

«Կարապետյանի աջակցությունը եղել է բավականին էական, բազմազան, բազմակողմանի և իրական: Այն ցուցաբերվել է և՛ մինչև 2018 թվականը, և՛ 2018 թվականից հետո, և՛ ռազմական գործողությունների ժամանակ»,- հայտարարել է նախկին նախարարը:

Նա լրագրողներին հայտնել է, որ որոշ դեպքերում անձամբ է բանակցել Կարապետյանի հետ և հավաստիացրել է, որ թեև Կարապետյանի օգնությունն արտահայտվել է հատկապես 44-օրյա պատերազմի օրերին, սակայն մինչ այդ նույնպես կար ու հույս է հայտնել, որ այսօր էլ է նա աջակցում բանակին։

Պատասխանելով լրագրողների հարցին՝ Տոնոյանը նշել է, որ չի հայտնի աջակցության կոնկրետ մանրամասներ, քանի որ նման տեղեկատվությունը կարող է պետական կամ ծառայողական գաղտնիք պարունակել:

Armenia Today-ի հարցին ի պատասխան, թե կոնկրետ ո՞ր ուղղություններով էր օժանդակությունը, Տոնոյանը պարզաբանել է, որ չի կարող առանձնացնել որևէ կոնկրետ ուղղություն։

«Աջակցությունը եղել է համապարփակ․ ես չեմ կարող ասել կոնկրետ ո՛ր ուղղությամբ է դա կիրառվել, բայց որ կիրառվել է՝ դա հաստատ է։ ԶՈւ-ն պատերազմի ընթացքում, տարբեր գնահատականներով, օրական ծախսել է 3 միլիոնից 30 միլիոն դոլար։ Տարբեր աջակիցներից կատարված օգնության մի մասն ուղղվել է ինչ-որ մի բանի կազմակերպմանը, ինչ-որ մի բանի գնմանը․․․ չեմ ուզում կոնկրետացնել։ Եթե օրինակ ասեմ սննդի վրա է ծախսվել, դա «կիսաճշմարտություն» կլինի, դա ճիշտ չէ»,- նշել է նա:

Նախկին նախարարը նաև հավելել է, որ թեև ՊՆ-ում բոլոր բարերարների աջակցությունը գրանցված է, սակայն, իր համոզմամբ, գերատեսչությունն այդ տեղեկատվությունը չի տրամադրի։ Միևնույն ժամանակ նա վերահաստատել է, որ օգնությունը եղել է էական ու բազմակողմանի։

Տոնոյանն իր գնահատանքն է արտահայտել բոլոր աջակիցներին՝ շեշտելով, որ դա «հավաքական ներուժ էր, որը մեծ օժանդակություն է հանդիսացել ԶՈւ-ի համար»։

Մեկնաբանելով մայիսի 28-ին անցկացված զինվորական շքերթը՝ Տոնոյանը հայտարարել է, որ դրական է գնահատում հայկական բանակ ստացվող ցանկացած նոր սպառազինություն: Միևնույն ժամանակ նա նշել է, որ դրա արդյունավետության մասին եզրահանգումներ կարելի է անել միայն գործնական կիրառման գնահատումից հետո:

Տոնոյանը հակադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե բանակի ավերակների վրա նոր բանակ է ստեղծել՝ նոր սպառազինությամբ ու նոր զինվորներով։

«Համաձայն չեմ։ Բա այսօրվա զինծառայողնե՞րը, որոնք գեներալական պաշտոններ են ստացել և կրթվել ու վերապատրաստվել են իմ պաշտոնավարման ժամանակ, այդ մարդկանց ո՞նց կարող եմ ես «ավերակ» գնահատել, բա այն երիտասարդները, որոնք իրենց կյանքը նվիրել են․․․ այդքան քաջություն են ունեցել, որ մահվան դեմ են կանգնել, ո՞նց ես կարող էի իրենց ավերակ անվանել»,- հայտարարել է Տոնոյանը՝ մեկնաբանելով AT թղթակցի հարցը:

Խոսելով բանակի և պատերազմի շուրջ քաղաքական հռետորաբանության մասին՝ նախկին նախարարն ընդգծել է, որ մտադիր չէ մասնակցել նախընտրական վեճերին և մեկնաբանել քաղաքական գործիչների հայտարարությունները:

«Այս քարոզարշավի ընթացքում արդեն բազմաթիվ կարմիր գծեր են հատվել: Ես չեմ պատրաստվում մասնակցել դրան»,- ասել է նա:

Ավելի վաղ Սամվել Կարապետյանը հայտարարել էր, որ չկա մի հայ, որն ավելի շատ է նպաստել, որ Ղարաբաղում պատերազմը կանգնի, քան ինքը։ «Դա ամենածանր հարցն է, ես չեմ կարող փակագծեր բացել, այդ հարցն ուղղեք թե՛ Փաշինյանին, թե՛ վերջին տարիների պաշտպանության նախարարներին, թե՛ վերադարձից հետո Արցախի իշխանություններին, քանի որ ես չեմ կարող բացված պատասխան տալ»,- նշել էր նա։

Leave a Comment