Այժմ Ռուսաստանը սպառնում է զորք մտցնել Հայաստան. Սաակաշվիլի

Այժմ Ռուսաստանը սպառնում է զորք մտցնել Հայաստան. Սաակաշվիլի

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ Հայաստանի հասցեին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի սպառնալիքները չափազանց վտանգավոր են Վրաստանի համար, քանի որ Մոսկվայի հնարավոր ռազմական գործողությունները կհանգեցնեն նաև վրացական տարածքների օկուպացմանը։

Նախկին նախագահն իր սոցիալական էջում արված հրապարակման մեջ մանրամասնել է, որ ղազախական նավթի՝ դեպի Եվրոպա տարանցման սահմանափակումներից հետո Վրաստանը մնում է միակ հնարավոր ուղին, ինչը մեծացնում է Ռուսաստանի հետաքրքրությունը տարածաշրջանի նկատմամբ։

«Այժմ Ռուսաստանը սպառնում է զորք մտցնել Հայաստան, ինչը հնարավոր է միայն Վրաստանի տարածքով։ Եթե Մոսկվան որոշի նման օպերացիա իրականացնել, ապա անպայման կօկուպացնի նաև Վրաստանը»,- նշել է Սաակաշվիլին։

Նա գործող իշխանության առաջնորդ Բիձինա Իվանիշվիլիին մեղադրել է երկրի բանակն ու դիմադրողականության ոգին թուլացնելու, ինչպես նաև Թբիլիսիի պաշտպանական գծերը չեղարկելու մեջ։

Սաակաշվիլիի կանխատեսմամբ՝ Հայաստանում սպասվող հնարավոր անկարգությունների ֆոնին, երբ Ադրբեջանը թույլ չի տա ռուսական զորքի անցումը, Մոսկվան Իվանիշվիլիից կպահանջի ռազմական միջանցք տրամադրել։

Վերջինս կհամաձայնի, ինչից հետո, ըստ նրա, Ռուսաստանն ամբողջությամբ կվերահսկի Վրաստանը։ Որպես Հայաստանի և Վրաստանի փրկության միակ ուղի՝ Սաակաշվիլին համարում է Ուկրաինայի հզորացումն ու ռուսական ռազմական մեքենայի վերջնական կործանումը։

Leave a Comment