Արարատի մարզի Վերին Արտաշատ գյուղի միջնակարգ դպրոցում դասերն ավելի շուտ են ավարտվել, որպեսզի ուսուցիչներն ու աշակերտները կարողանան մասնակցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական քարոզարշավին: Այս մասին լրագրողներին հայտնել են հենց աշակերտները: Հանրահավաքին ներկա դպրոցականների կադրերը վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակել է սոցիալական ցանցերում:
Աշակերտուհիներից մեկը լրագրողներին պատմել է, որ դասերը վաղ են ավարտվել, որպեսզի իրենք կարողանան գալ միջոցառմանը և ձեռքերում պահեն Հայաստանի ու «Քաղաքացիական պայմանագրի» դրոշները: Նրա խոսքով՝ դպրոցի տնօրեն Շուշան Հախնազարյանի հետ միասին միջոցառմանը եկել են նաև ուսուցիչները։ Տեղում ներկա է եղել նաև երաժշտական դպրոցի մի խումբ։
Ավելի վաղ Արագածոտնի մարզի Բերքառատ գյուղի դպրոցի ուսուցիչները հայտարարել էին, որ մայիսի 13-ին իրենց միկրոավտոբուսներով տեղափոխել են Ապարան՝ ՔՊ-ի նախընտրական քարոզարշավին մասնակցելու համար: Նրանք նույնպես պնդում են, որ քարոզարշավին մասնակցելու նպատակով կրճատվել են դասաժամերը:
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը քննություն է սկսել մանկավարժների, աշխատակիցների և աշակերտների՝ նախընտրական քարոզարշավին ներգրավվածության վերաբերյալ ստացված հաղորդումների հիման վրա։
