ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկարաձգել է Ադրբեջանի նկատմամբ «Ազատության աջակցության ակտի» 907-րդ բանաձևով սահմանված սահմանափակումների կասեցումը։ Այդ մասին նա հայտնել է Ադրբեջանի նախագահի Իլհամ Ալիևին ուղարկած հուշագրով, որը մակագրել է «Իլհամ, դու հզոր ես» անձնական գրությամբ։
Թրամփի որոշումը թույլ կտա Բաքվին շարունակել ստանալ ամերիկյան պաշտոնական օգնություն, որը 907-րդ բանաձևի գործողության պայմաններում չէր կարող տրամադրվել Ադրբեջանին։
1992-ին ընդունված այս բանաձևն արգելում էր ԱՄՆ կառավարությանը պետական օգնություն տրամադրել Ադրբեջանին, քանի դեռ ԱՄՆ նախագահը չէր հավաստիացրել, որ Ադրբեջանը դադարեցրել է Հայաստանի և Արցախի նկատմամբ շրջափակումը և ուժի կիրառումը։
Ալիևն արձագանքել է ստացած փաստաթղթին՝ ու նշել, որ «շատ բարձր է գնահատում Վաշինգտոնի նշանակալի քայլը»։
2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո ԱՄՆ նախագահները պարբերաբար սառեցրել են բանաձևով նախատեսված սահմանափակումները։ Վերջին շրջանում, հատկապես 2025 թվականի օգոստոսին Սպիտակ տանը Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված համաձայնագրերից հետո Բաքուն պարբերաբար բարձրացնում է բանաձևն ընդհանրապես չեղարկելու հարցը։
