«Սալյարկայով շիշ կար՝ 5 լիտրանոց, մեքենան այրել են՝ փորձելով լռեցնել ինձ՝ քաղաքական հայացքների համար»․ բլոգեր Արմեն Ալեքսանյանը՝ մեքենայի հրկիզման մասին


Հասարակություն


Գրասենյակում էինք, խաբար արեցին, որ մեքենան այրվում է, դուրս եկանք, մի կերպ հանգցրեցինք։ Սալյարկայով շիշ կար՝ 5 լիտրանոց։ Ենթադրում ենք, որ այրել են մեքենան՝ փորձելով լռեցնել՝ քաղաքական հայացքների համար։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում պատմել է բլոգեր Արմեն Ալեքսանյանը։


Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ գիշերը հրկիզել են ընդդիմադիր հայացքներով բլոգեր Արմեն Ալեքսանյանի ավտոմեքենան։ Տուժածներ չկան։
Արմեն Ալեքսանյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում պատմեց, որ սա առաջին փորձը չէ, նախկինում ևս եղել են դեպքեր՝ անիվ են պատռել, հայելի են կոտրել, այս անգամ էլ, տեսելով, որ չեն կարողանում լռեցնել, հիմա էլ մեքենան են հրկիզել՝ իմանալով, որ սա իր հացն է, ինքը սրանով է աշխատում։ Ալեքսանյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել, համոզված է՝ դիտավորություն է, այլ պատճառ չէր կարող լինել։


«Բռնապետություն է, փորձում են լռեցնել, վախեցնել, բայց չի լինելու»,- ասաց Ալեքսանյանը ՝դա կապելով նաև ընտրությունների հետ, մտահոգությամբ է արձանագրում՝ եթե մնաց իշխանության, ավելի ահավոր բաներ պետք է սպասել։

Տարածքում տեսախցիկներ, թեև կան, բայց ոչինչ չեն արձանագրել, ծառերը խանգարում են։ Ալեքսանյանն առանձնապես լիահույս չէ, որ պատշաճ քննություն կիրականացվի․ «Ծածկադմփոց կանեն՝ կգնա, այդ որ մի ընդդիմադիրի գործն է բացահայտվել, որ սա էլ բացահայտվի։ Ամեն դեպքում՝ Աստված իրենց հետ, ինչ ասեմ․․․ ով ինչ արել է՝ իր ընտանիքի գլխին թող ջարդվի, ուրիշ ոչինչ»։

ՆԳՆ-ից «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեցին, որ գույքը վնասելու կամ ոչնչացնելու մասին ՔՈԳՎ Արմավիրի վարչությունում ստացված հաղորդումը փոխանցվել է Վաղարշապատի քննչական բաժին, որտեղ, ինչպես հայտնեցին ՔԿ-ից, գույքը ոչնչացնելու կամ վնասելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։


Leave a Comment