Մակրոնը Թրամփի հետ զրույցում պատրաստակամություն է հայտնել աջակցելու ԱՄՆ-Իրան բանակցություններին


Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցի ընթացքում բարձր է գնահատել Միացյալ Նահանգների ջանքերն Իրանի հետ արագ համաձայնության հասնելու հարցում։«Երեկ երեկոյան նախագահ Թրամփի հետ խոսեցի Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի մասին։


Ես բարձր գնահատեցի նրա կողմից ձեռնարկվող վճռական ջանքերը՝ Միացյալ Նահանգների և Իրանի միջև արագ համաձայնության հասնելու համար, որը եզակի հնարավորություն է՝ կառուցելու նոր անվտանգության համակարգ՝ ներառելով բոլոր շահագրգիռ կողմերին և հնարավոր դարձնելու տարածաշրջանի երկարատև կայունացումը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, նշել է նա X-ի գրառման մեջ։Մակրոնը հայտնել է, որ Ֆրանսիան պատրաստ է աջակցելու այդ ջանքերին և լիարժեք դերակատարություն ունենալ դրանց կյանքի կոչման գործում։


«Սա է միջազգային առաքելության նպատակը, որը մենք ստեղծել ենք բրիտանացիների և մեր գործընկերների հետ։ Առաքելությունը պատրաստ է տեղակայվել համաձայնագրի կնքումից անմիջապես հետո՝ Հորմուզի նեղուցում ծովային երթևեկության անվտանգությանը նպաստելու համար»,- հավելել է Մակրոնը՝ նկատի ունենալով Հորմուզի նեղուցը վերաբացնելու համար նախատեսված բազմազգ, պաշտպանական ռազմածովային առաքելությունը։«Մենք նաև պատրաստ ենք մեր փորձը և կարողությունները ներդնել սկսվող ավելի լայն բանակցություններում, մասնավորապես՝ համաձայնագրի միջուկային ասպեկտի ուղղությամբ», – նշել է նա։Խոսելով Լիբանանի մասին՝ Մակրոնն ընդգծել է, որ ողջունում է նախագահ Թրամփի նվիրվածությունը Լիբանանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը՝ շեշտելով ամուր հրադադարի և իշխանություններին համատեղ աջակցության կարևորությունը։




 

Leave a Comment