Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Պուտինին՝ հավասարակշռված դիրքորոշման համար

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում շնորհակալություն է հայտնել նրան տարաձայնություններ առաջացնող հարցերում հավասարակշռված դիրքորոշում ցուցաբերելու համար, հայտնել է կառավարության մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև երկկողմ և բազմակողմ օրակարգի արդիական հարցերի շուրջ։

«ՀՀ վարչապետը ՌԴ նախագահին շնորհակալություն է հայտնել տարընթերցումների առիթ տվող մի շարք հարցերի վերաբերյալ հավասարակշռված դիրքորոշումների, բարեկամական տոնայնության, ինչպես նաև աջակցության համար»,- ասված է կառավարության ղեկավարի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

Ապրիլի 1-ին կայացած հանդիպման ընթացքում Փաշինյանն ու Պուտինը քննարկել էին տնտեսական համագործակցությունը, Հայաստանի հարաբերությունները ԵՄ-ի հետ, խորհրդարանական ընտրությունները և Ադրբեջանի հետ կարգավորման հարցը։ Պուտինը հայտարարել էր՝ Եվրամիության հետ մաքսային միության մեջ լինելն ու ԵԱՏՄ-ն իրար հետ հնարավոր չեն: Փաշինյանն արձագանքել էր, որ քանի դեռ հնարավոր է այդ երկու օրակարգը համատեղել, Երևանը կհամատեղի:

Leave a Comment