Փոխադարձ հարվածներ ԱՄՆ-ի և Իրանի միջև՝ բանակցությունների ֆոնին – armeniatoday.am

ԱՄՆ-ն հայտարարել է, որ հանգստյան օրերին հարվածներ է հասցրել իրանական ռազմական օբյեկտներին, ինչին ի պատասխան՝ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հունիսի 1-ին թիրախավորել է ամերիկյան ռազմաբազան, գրել է Reuters-ը։

Սա կողմերի միջև հերթական փոխադարձ հարվածներն են, որոնք արձանագրվել են արդեն երեք ամիս շարունակվող պատերազմը դադարեցնելու շուրջ բանակցությունների ֆոնին։

Ապրիլի սկզբին հրադադարի ուժի մեջ մտնելուց ի վեր ԱՄՆ-ն և Իրանը ժամանակ առ ժամանակ փոխադարձ հարվածներ են հասցնում միմյանց ռազմական օբյեկտներին և ենթակառուցվածքներին, քանի որ ավելի տևական համաձայնագրի հասնելուն ուղղված դիվանագիտական գործընթացը ձգձգվում է։

ԱՄՆ-ն և Իսրայելն սկսել էին հարվածներ հասցնել Իրանին փետրվարի 28-ին։ Մայիսի 25-ին ԶԼՄ-ները հայտնել էին, որ Իրանի պատվիրակությունը ժամանել է Դոհա՝ ԱՄՆ-ի հետ համաձայնագիրը քննարկելու։ Axios-ը հայտնել էր, որ ԱՄՆ-ն ու Իրանը մոտ են 60-օրյա հրադադարի համաձայնագիր կնքելուն։ ԱՄՆ-ն և Իրանը հրադադարի ֆոնին փոխանակվել էին հարվածներով։

Մայիսի 28-ին Axios-ը, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչները պատրաստել են փոխըմբռնման հուշագրի նախագիծ, որը նախատեսում է զինված հակամարտության ավարտ և միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների մեկնարկ։ Սակայն, ըստ հրապարակման, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեռ չի հաստատել փաստաթուղթը։ Իրանական լրատվամիջոցները հերքել էին այդ տեղեկությունը։

Leave a Comment