Միլանի «Ինտերի» կիսապաշտպան, Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը կարող է ճանաչվել միլանյան ակումբի՝ մայիս ամսվա լավագույն ֆուտբոլիստ, հայտնել է ֆուտբոլային ակումբի ֆեյսբուքյան էջը։
Մխիթարյանի հետ միասին ամսվա լավագույն խաղացողի կոչման համար կպայքարեն նաև Լաուտարո Մարտինեսը, Մարկուս Թյուրամը և Պետար Սուչիչը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մխիթարյանը կարող է մինչև 2027 թվականը երկարաձգել պայմանագիրը միլանյան ակումբի հետ՝ չնայած կարիերայի հնարավոր ավարտի մասին նախկինում շրջանառվող լուրերին։
Ավարտված մրցաշրջանում Մխիթարյանը «Ինտերի» կազմում անցկացրել է 39 հանդիպում, դարձել 4 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։ Ակումբի հետ նրա գործող պայմանագիրն ավարտվում է հունիսի 30-ին։ 2025-2026 թվականների մրցաշրջանի արդյունքներով «Ինտերը» հռչակվել է Իտալիայի չեմպիոն։
Հայաստանի հավաքականի պատմության լավագույն ռմբարկու Մխիթարյանն ամենատիտղոսակիր հայ մարզիկներից մեկն է։ 37-ամյա ֆուտբոլիստը շարունակում է հանդես գալ «Ինտերում» և կարևոր դերակատարում ունի իտալական ակումբի կազմում։
