Տնտեսությունը չի լինում, ասենք թե, իշխանական կամ ընդդիմադիր։ Տնտեսությունը չի լինում ռուսամետ կամ արևմտամետ։ Տնտեսությունը կամ զարգանում է, աշխատում է, կամ միանգամից քանդվում, տրաքում է։ Այսօր Վանաձորում քարոզարշավի ընթացքում հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով Ռուսաստանի, ԵԱՏՄ-ի և Հայաստանի շուրջ ծավալվող զարգացումներին։
Նրա խոսքով՝ տնտեսությունը քանդման եզրին է կանգնած։
«Էնքան ասեցին խաղաղություն, որ տնտեսական պատերազմ բերեցին Ռուսաստանի հետ: Ժողովրդին ո՞վ է պահելու, ո՞վ է կերակրելու, վարկերն ո՞վ է փակելու։ Մարդկանց ունեցվածքը լրիվ կորցնելու են։ Խոսում են դատարկ-դատարկ՝ «մենք այլընտրանքներ ունենք»։ Այլընտրանք ունեցողը՝ սա փակվեց, մյուսն է բացում, բայց նրանք 10 տարի չեն կարող բացել, որովհետև տնտեսության հիմնական շարժը, առևտուրը, պահանջարկը՝ տարիներ է պետք, որ ծանոթանան ապրանքի հետ, պայմանագրեր կապեն»,- նշել է նա՝ հավելելով, որ դեռ ուշ չէ և քայլ պետք է անել իրավիճակը շտկելու ուղղությամբ։