Յուրաքանչյուր երեխա պետք է լինի լսված և պաշտպանված․ Անահիտ Մանասյանի ուղերձը երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ

Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ հանդես է եկել ուղերձով։ Պաշտպանն ընդգծել է, որ յուրաքանչյուր երեխայի իրավունքների ապահովումը պետության և հասարակության առաջնային պարտավորությունն է, երեխաները պետք է պաշտպանված լինեն ընտանիքում, կրթական հաստատություններում և հասարակական կյանքում։ Նա կոչ է արել ստեղծել անվտանգ միջավայր և ապահովել նրանց լսված լինելու իրավունքը՝ մաղթելով խաղաղ մանկություն։

«Սիրելի՛ երեխաներ,

Շնորհավորում եմ ձեզ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ։

Հունիսի 1-ը կարևոր առիթ է` ևս մեկ անգամ վերահաստատելու, որ յուրաքանչյուր երեխայի իրավունքների ապահովումը պետության և հասարակության առաջնային պարտավորություններից են։ Երեխայի իրավունքների լիարժեք իրացումը հնարավոր է միայն այնպիսի միջավայրում, որտեղ ապահովված են անվտանգությունը, արժանապատվության նկատմամբ հարգանքը, կրթության հասանելիությունը, հավասար հնարավորությունները և մասնակցության իրավունքը։

Յուրաքանչյուր երեխա պետք է լինի լսված և պաշտպանված՝ ընտանիքում, կրթական և այլ հաստատություններում ու հասարակական կյանքի բոլոր բնագավառներում։

Երեխաների նկատմամբ բռնության, խտրականության ցանկացած դրսևորում և նրանց իրավունքների որևէ այլ խախտում անընդունելի է։ Երեխայի լավագույն շահի ապահովումը պետք է ընկած լինի յուրաքանչյուր որոշման և գործողության հիմքում։

Սիրելի՛ երեխաներ,

Դուք իրավունքների լիարժեք կրողներ եք։ Ճանաչե´ք ձեր իրավունքները, իրավական ու էթիկական սկզբունքները նկատի ունենալով` ազատ արտահայտե´ք ձեր կարծիքը և ակտիվ մասնակցություն ունեցե´ք ձեզ վերաբերելի հարցերի քննարկման ու որոշումների կայացման գործընթացներին։ Ձեր անվտանգ, արժանապատիվ և ներդաշնակ զարգացումը յուրաքանչյուր ժողովրդավարական և իրավունքահեն հասարակության կարևորագույն նախապայմաններից է։

Սիրելի´ գործընկերներ ու քաղաքացիներ,

Այս օրը նաև կոչ է բոլոր մեծահասակներին՝ առավել պատասխանատու և հետևողական լինելու երեխաների իրավունքների պաշտպանության հարցում ու ձևավորելու այնպիսի միջավայր, որտեղ յուրաքանչյուր երեխա կունենա զարգանալու, կրթվելու, ստեղծագործելու և իր ներուժն ամբողջությամբ իրացնելու հնարավորություն։

Սիրելի´ երեխաներ,

Մաղթում եմ ձեզ խաղաղ, անվտանգ և երջանիկ մանկություն, առողջություն, նոր ձեռքբերումներ և հաջողություններով լի ճանապարհ»։

Leave a Comment