«Հայաստան» դաշինքը հանրահավաք է անցկացրել Երևանի Ազատության հրապարակում հունիսի 7-ին կայանալիք Ազգային Ժողովի ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակներում:
Հանրահավաքի ավարտից հետո դաշինքի համակիրները երթ են իրականացրել Երևանի կենտրոնական փողոցներով։ Միջոցառումն ուղիղ հեռարձակվել է Armenia Today YouTube- յան ալիքով։
Դաշինքի առաջնորդ, վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանն իր ելույթի ընթացքում քննադատել է Հայաստանի իշխանությունների արտաքին քաղաքականությունը՝ հայտարարելով, որ Եվրասիական տնտեսական միության դեմ ուղղված քայլերը ծանր կացության մեջ կդնեն երկրի տնտեսությունը։
«Այսօր մեր տնտեսությունն էապես կախված է ԵԱՏՄ պետություններից։ Ես չգիտեմ ինչու, բայց մեզ սարքում են Ռուսաստանի հետ թշնամի և տանում են Ուկրաինայի ճանապարհով», – ասել է Քոչարյանը։
Նա նախազգուշացրել է, որ եթե այս իշխանությունը մնա, ապա Հայաստանի տնտեսությունը կհայտնվի խորը ճգնաժամի մեջ։
Միևնույն ժամանակ, Քոչարյանն ընդգծել է Ռուսաստանի հետ դաշնակցային, ինչպես նաև Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ շատ լավ հարաբերություններ հաստատելու կարևորությունը։
«Մեզ պետք են դաշնակցային հարաբերություններ Ռուսաստանի և շատ լավ հարաբերություններ Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ։ Մեզ պետք է և՛, և՛, ոչ թե՝ կամ, կամ։ Եվ դա հնարավոր է անել։ Ուղղակի պետք է դադարել խաղալ մեծ պետությունների հակասությունների վրա», – նշել է նախկին նախագահը։
Բացի այդ, Ռոբերտ Քոչարյանն իր ելույթում անդրադարձել է գործող իշխանության խոստումներին ու դրանց արդյունքներին՝ ներկայացնելով յոթ կետ, որոնք, ըստ նրա, ձախողվել են։ Նա մասնավորապես նշել է խաղաղության խոստման դիմաց բերված պատերազմը, հազարավոր զոհերն ու տարածքային կորուստները, Արցախի հանձնումն ու փախստականների առկայությունը։
ՀՀ նախկին նախագահը քննադատել է նաև կորոնավիրուսի համաճարակի դեմ իշխանությունների ձախողված քաղաքականությունը։ Նա մեղադրել է գործող ուժին՝ կոռուպցիայի դեմ պայքարելու փոխարեն սեփական համակարգը ստեղծելու և նոր օլիգարխներ աճեցնելու մեջ։
Քոչարյանը մեղադրել է իշխանություններին երկրում օնլայն կազինոների տարածմանը նպաստելու մեջ, ինչը, նրա գնհատմամբ, քայքայում է ընտանիքները։ Բացի այդ, նա մատնանշել է աղքատության բարձր ցուցանիշներն ու երկրում հանցավորության, հատկապես թմրամոլության կտրուկ աճը՝ ընդգծելով, որ նման ծավալների տարածումն անհնար կլիներ առանց բարձր հովանավորչության։
Մոսկվայի և Երևանի հարաբերությունները լարվել են՝ հայկական կողմից ՀԱՊԿ գործունեության քննադատության և Հայաստանի՝ Եվրամիության հետ կապերի ընդլայնման շուրջ հայտարարությունների ֆոնին։
Մոսկվայից հնչող կոշտ քննադատության ֆոնին ՌԴ-ն սահմանափակել էր ՀՀ-ից մի շարք ապրանքների ներմուծումը, որոնց թվում են ծաղիկները, «Ջերմուկ» հանքային ջուրը։ Կասեցվել էր նաև ալկոհոլային արտադրանքի առանձին խմբաքանակների իրացումը, ՌԴ ներկրվող հայկական ելակը հետ էր ուղարկվել Բագրատաշենի անցակետից։
Մայիսի 22-ին ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել էր, որ ԵՄ-ին անդամակցելու որոշման պարագայում Հայաստանը կկորցնի որոշակի արտոնություններ, երկրի համար կսահմանվեն մաքսատուրքեր, ինչպես նաև կփոխվեն գազի և էլեկտրաէներգիայի սակագները։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ էր արել հայկական իշխանություններին կողմնորոշվել ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև, իսկ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն զգուշացրել էր ԵԱՏՄ արտոնությունների հնարավոր կորստի մասին: Մայիսի 29-ին ԵԱՏՄ երկրները ՀՀ-ին հորդորել էին ԵՄ-ին անդամակցության հարցով հանրաքվե անցկացնել։
