Հակակոռուպցիոն քրեական դատարան է ուղարկվել ընտրակաշառքի և բարեգործության արգելքի խախտման վերաբերյալ բազմադրվագ քրեական գործ

Մայիսի 27-ին Հակակոռուպցիոն քրեական դատարանում նոր քրեական գործ է ստացվել ընտրակաշառքի և ընտրական գործընթացների ընթացքում ենթադրյալ բարեգործության արգելքի խախտման վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ։ Գործը նույն օրը մակագրվել է և հանձնվել Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Լևոն Էդուարդի Պետրոսյանի քննությանը։

Մեղադրական եզրակացությունը

Գլխավոր դատախազության կողմից ներկայացված մեղադրական եզրակացության համաձայն՝  Կարեն Խաչատուրի Փիրումյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2025 թվականի հոկտեմբերի 23-ից մինչև 2026 թվականի մարտի 2-ը հանդիսանալով <<Մեր ձևով>> ազգային արժեքների պահպանության հասարակական կազմակերպության գրասենյակի ղեկավար, փաստացի իրականացրել է ՀՀ Երևան քաղաքի Նոր Նորք համայնքի Վիլնյուսի փողոցի 35/5 հասցեում գտնվող՝ <<Ուժեղ Հայաստան>> կուսակցության գրասենյակի պատասխանատուի գործառույթները, որի ընթացքում հիշյալ կուսակցության օգտին քվեարկելու պայմանով Անդրանիկ Երեմյանին, Ռուզաննա Աթոյանին, Մարիամ Թագվորյանին և Դերենիկ Պողոսյանին տվել է ընտրակաշառք, ինչպես նաև խախտելով ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքը, Արթուր Ղարիբյանի վիրահատության ծախսերը հոգալու նպատակով բարեգործության անվան տակ վերջինիս անհատույց տվել է 200.000 ՀՀ դրամ գումար:

Անդրանիկ Սերժիկի Երեմյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2026թ. փետրվարի 7-ին ուժի մեջ մտած «Ազգային ժողովի հերթական ընտրություն նշանակելու մասին» Հայաստանի Հանրապետության նախագահի՝ 2026 թվականի փետրվարի 6-ի ՆՀ-21-Ն հրամանագրով 2026 թվականի հունիսի 7-ին նշանակված Ազգային ժողովի հերթական ընտրությանը մասնակցելու և <<Ուժեղ Հայաստան>> կուսակցության օգտին քվեարկելու պայմանով, ՀՀ Երևան քաղաքի Նոր Նորք համայնքի Վիլնյուսի փողոցի 35/5 հասցեում գտնվող՝ <<Ուժեղ Հայաստան>> կուսակցության գրասենյակի պատասխանատուի գործառույթները փաստացի իրականացնող Կարեն Փիրումյանից ստացել է վարույթով դեռևս չպարզված չափի գումար:

Դերենիկ Իշխանի Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2026թ. փետրվարի 7-ին ուժի մեջ մտած «Ազգային ժողովի հերթական ընտրություն նշանակելու մասին» Հայաստանի Հանրապետության նախագահի՝ 2026 թվականի փետրվարի 6-ի ՆՀ-21-Ն հրամանագրով 2026 թվականի հունիսի 7-ին նշանակված Ազգային ժողովի հերթական ընտրությանը մասնակցելու և <<Ուժեղ Հայաստան>> կուսակցության օգտին քվեարկելու պայմանով, ընդունել է ՀՀ Երևան քաղաքի Նոր Նորք համայնքի Վիլնյուսի փողոցի 35/5 հասցեում գտնվող՝ <<Ուժեղ Հայաստան>> կուսակցության գրասենյակի պատասխանատուի գործառույթները փաստացի իրականացնող Կարեն Փիրումյանի խոստումը՝ որպես ընտրակաշառք տալ քննությամբ չպարզված չափի գումար։

Մարիամ Թագվորի Թագվորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա նախնական համաձայնության գալով մոր՝ Ռուզաննա Աթոյանի հետ, խմբի կազմում, 2026թ. փետրվարի 7-ին ուժի մեջ մտած «Ազգային ժողովի հերթական ընտրություն նշանակելու մասին» Հայաստանի Հանրապետության նախագահի՝ 2026 թվականի փետրվարի 6-ի ՆՀ-21-Ն հրամանագրով 2026 թվականի հունիսի 7-ին նշանակված Ազգային ժողովի հերթական ընտրությանը մասնակցելու և <<Ուժեղ Հայաստան>> կուսակցության օգտին քվեարկելու պայմանով, ՀՀ Երևան քաղաքի Նոր Նորք համայնքի Վիլնյուսի փողոցի 35/5 հասցեում գտնվող՝ <<Ուժեղ Հայաստան>> կուսակցության գրասենյակի պատասխանատուի գործառույթները փաստացի իրականացնող Կարեն Փիրումյանից ստացել են ընդհանուր 280.000 ՀՀ դրամի չափով ընտրակաշառք, որից 200.000 ՀՀ դրամն անձամբ ստացել է ինքը, իսկ 80.000 ՀՀ դրամ ընտրակաշառքը՝ Ռուզաննա Աթոյանը:

Ռուզաննա Համլետի Աթոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա նախնական համաձայնության գալով դստեր՝ նույն համայնքի բնակիչ Մարիամ Թագվորյանի հետ, խմբի կազմում, 2026թ. փետրվարի 7-ին ուժի մեջ մտած «Ազգային ժողովի հերթական ընտրություն նշանակելու մասին» Հայաստանի Հանրապետության նախագահի՝ 2026 թվականի փետրվարի 6-ի ՆՀ-21-Ն հրամանագրով 2026 թվականի հունիսի 7-ին նշանակված Ազգային ժողովի հերթական ընտրությանը մասնակցելու և <<Ուժեղ Հայաստան>> կուսակցության օգտին քվեարկելու պայմանով, ՀՀ Երևան քաղաքի Նոր Նորք համայնքի Վիլնյուսի փողոցի 35/5 հասցեում գտնվող՝ <<Ուժեղ Հայաստան>> կուսակցության գրասենյակի պատասխանատուի գործառույթները փաստացի իրականացնող Կարեն Փիրումյանից ստացել են ընդհանուր 280.000 ՀՀ դրամի չափով ընտրակաշառք, որից 80.000 ՀՀ դրամն անձամբ ստացել է ինքը, իսկ 200.000 ՀՀ դրամ ընտրակաշառքը՝ Մարիամ Թագվորյանը:

Մեղադրական հոդվածները և ընտրված խափանման միջոցները

Կարեն Խաչատուրի Փիրումյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 2-րդ մասով և 221-րդ հոդվածի 1-ին մասով։

Հանրաքվեին կամ ընտրությանը մասնակցելու, հանրաքվեին կամ ընտրությանը որևէ ձևով քվեարկելու, քվեաթերթիկն անվավեր դարձնելու կամ հանրաքվեին կամ ընտրությանը մասնակցելուց հրաժարվելու պայմանով ընտրողին անձամբ կամ միջնորդի միջոցով ընտրակաշառք՝ գույք, ներառյալ դրամական միջոց, արժեթուղթ, վճարային այլ գործիք, գույքի նկատմամբ իրավունք, ծառայություն կամ որևէ այլ առավելություն առաջարկելը, խոստանալը կամ տալը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով:

 Հանրաքվեի կամ ընտրությունների նշանակման որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև հանրաքվեի կամ ընտրությունների արդյունքների ամփոփումը (իսկ Ազգային ժողովի ընտրությունների դեպքում՝ Ազգային ժողով ընտրվելու մասին որոշումը) թեկնածուի, կուսակցության (կուսակցությունների դաշինքի) անդամի կամ լիազորված անձի, վստահված անձի, հանրաքվեի նախաձեռնող խմբի անդամի կամ լիազոր ներկայացուցչի կողմից անձամբ կամ նրանց (այդ թվում՝ կուսակցության կամ դաշինքի) անունից կամ որևէ այլ եղանակով կամ բարեգործության անվան տակ ընտրողներին, ինչպես նաև հանրաքվեի մասնակիցներին անհատույց կամ արտոնյալ պայմաններով դրամ, սննդամթերք, արժեթուղթ, ապրանք (բացի կուսակցության անվանումը կամ խորհրդանիշները կամ թեկնածուի անունը, ազգանունը կամ պատկերը բովանդակող և 3000 Հայաստանի Հանրապետության դրամը չգերազանցող արժեքով քարոզչական տպագիր և այլ նյութի կամ առարկայի) տալը (խոստանալը) կամ ծառայություններ մատուցելը (խոստանալը) կամ բարեգործության հետ միաժամանակ նախընտրական կամ հանրաքվեի քարոզչություն իրականացնելը՝ պատժվում է ազատազրկմամբ` երեքից վեց տարի ժամկետով:

Անդրանիկ Երեմյանի  նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է տնային կալանքը,  Դերենիկ Պողոսյանի նկատմամբ ՝ կալանավորումը։ Նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 1-ին մասով։ Այն է՝ Հանրաքվեին կամ ընտրությանը մասնակցելու, հանրաքվեին կամ ընտրությանը որևէ ձևով քվեարկելու, քվեաթերթիկն անվավեր դարձնելու կամ հանրաքվեին կամ ընտրությանը մասնակցելուց հրաժարվելու պայմանով անձամբ կամ միջնորդի միջոցով իր կամ այլ անձի համար ընտրակաշառք՝ գույք, ներառյալ դրամական միջոց, արժեթուղթ, վճարային այլ գործիք, գույքի նկատմամբ իրավունք, ծառայություն կամ որևէ այլ առավելություն ստանալը, պահանջելը, տալու առաջարկ ներկայացնելը կամ տալու առաջարկը կամ խոստումն ընդունելը՝ պատժվում է ազատության սահմանափակմամբ` մեկից երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` մեկից երեք տարի ժամկետով:

Մարիամ Թագվորյանի և Ռուզաննա Աթոյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կբացակայելու արգելքը, նրանց մեղադրանք է առաջադրվել 218-րդ հոդվածի 2-րդ մասով։

Հանրաքվեին կամ ընտրությանը մասնակցելու, հանրաքվեին կամ ընտրությանը որևէ ձևով քվեարկելու, քվեաթերթիկն անվավեր դարձնելու կամ հանրաքվեին կամ ընտրությանը մասնակցելուց հրաժարվելու պայմանով անձամբ կամ միջնորդի միջոցով իր կամ այլ անձի համար ընտրակաշառք՝ գույք, ներառյալ դրամական միջոց, արժեթուղթ, վճարային այլ գործիք, գույքի նկատմամբ իրավունք, ծառայություն կամ որևէ այլ առավելություն ստանալը, պահանջելը, տալու առաջարկ ներկայացնելը կամ տալու առաջարկը կամ խոստումն ընդունելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով:

Գործի հետագա ընթացքը

Գործը վարույթ ընդունելու և մախնական դատական նիստեր նշանակելու վերաբերյալ որոշման մասին տեղեկություններ դեռևս Դատալեքս դատական տեղեկատվական համակարգում առկա չեն։

Ծանուցում․ Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողները կամ մեղադրվողները համարվում են անմեղ, քանի դեռ նրանց մեղավորությունը չի ապացուցվել օրենքով սահմանված կարգով՝ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Leave a Comment