Հունիսի 3-4-ին ՄՀՀ- ում կկայանա ռազմարդյունաբերական ցուցահանդես

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախընտրական քարոզարշավի ընթացքում անդրադարձել է Հայաստանի պաշտպանունակության բարձրացմանն ուղղված քայլերին և հայտարարել, որ հունիսի 3-4-ին Երևանի Մարզահամերգային համալիրում կանցկացվի Հայաստանի ռազմարդյունաբերական ցուցահանդեսը։

Վարչապետը նշել է, որ մայիսի 28-ին Հանրապետության հրապարակում անցկացված զորահանդեսը պատասխանել է այն քննադատություններին, թե իշխանությունները բավարար ուշադրություն չեն դարձնում երկրի պաշտպանունակության ամրապնդմանը։

«Ես ուզում եմ բոլորիդ շնորհավորել Հայաստանի Հանրապետության նոր բանակի ձևավորման և ստեղծման առիթով։ Այն, ինչ դուք տեսաք մայիսի 28-ին Հանրապետության հրապարակում, իրականացվել է գաղտնիության պայմաններում, և ձեր աչքի առաջ անցավ մի քանի միլիարդ դոլար արժողությամբ սպառազինություն»,- ասել է Փաշինյանը։

Նրա խոսքով՝ ներկայացված սպառազինության կարևոր մասն արտադրված է հենց Հայաստանում, ինչը վկայում է երկրի ռազմարդյունաբերական ներուժի զարգացման մասին։

Վարչապետը նշել է, որ 2017 թվականից մինչև 2025 թվականը գիտության ֆինանսավորումն աճել է 2,7 անգամ, իսկ ռազմարդյունաբերական համալիրում 2021-2025 թվականներին կատարվել է շուրջ 170 միլիարդ դրամի ներդրում։

«Այսօր Հայաստանի ռազմարդյունաբերական համալիրի արտադրանքը տասնյակ միլիոնավոր դոլարների պայմանագրեր է կնքում զարգացած երկրների հետ»,- ընդգծել է Փաշինյանը։

Նա նաև հրավիրել է քաղաքացիներին այցելել հունիսի 3-4-ին Մարզահամերգային համալիրում կայանալիք ցուցահանդես, որտեղ կրկին կներկայացվեն հայկական արտադրության ռազմարդյունաբերական նմուշները։

«Նրանք, ովքեր ցանկանում են ևս մեկ անգամ տեսնել հայկական ռազմարդյունաբերության ձեռքբերումները, կարող են այցելել ցուցահանդես և կրկին ծանոթանալ այդ նմուշներին, տեսնել կատարված աշխատանքն ու հպարտության զգացում ունենալ»,- ասել է վարչապետը։

Leave a Comment