ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 404-Ն որոշմամբ հաստատված է զինվորական ծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկը, ինչպես նաև քաղաքացու կամ զինծառայողի առողջական վիճակին հակացուցված զինվորական ծառայության պայմանները։ Սակայն շատերը չգիտեն, որ ՀՀ կառավարության 2026 թվականի մայիսի 14-ի N 655-Ն որոշմամբ այդ ցանկում կատարվել են լրացումներ և փոփոխություն, որոնք հնարավորություն կտան հրազենային կամ ականապայթյունային վիրավորում ստացած և ապաքինված անձանց կրկին ներգրավվել պայմանագրային զինվորական ծառայությանը։
Ինչպես տեղեկացնում է Iravaban.net–ը ՀՀ կառավարության 2026 թվականի մայիսի 14-ի N 655-Ն որոշմամբ վերանայվել են այն իրավակարգավորումները, որոնք մինչ այժմ թույլ չէին տալիս ֆունկցիոնալության որոշակի վերականգնում ունեցող քաղաքացիներին և նախկին զինծառայողներին վերադառնալ ծառայության։
Ինչո՞ւ է անհրաժեշտ փոփոխությունը
Մինչ այժմ N 404-Ն որոշման հավելված 1-ի 13-րդ, 15-րդ կետերի «ա» նիշի և 44-րդ կետի բացատրական մասի սահմանումները հնարավորություն չէին տալիս 5-րդ սյունակով փորձաքննվողներին, երբ արձանագրվել են գործառույթների զգալի խանգարումներ, կրկին ներգրավվել պայմանագրային զինվորական ծառայությանը՝ նույնիսկ այն դեպքում, երբ ապաքինումից և ֆունկցիոնալության որոշակի վերականգնումից հետո, օժանդակող միջոցներով (հենակ, պրոթեզ, իսկ որոշ պաթոլոգիաների դեպքում՝ սայլակ), վերականգնվել էր տեղաշարժվելու ունակությունը։ Փոփոխությունների նպատակն է հնարավորություն ընձեռել ականապայթյունային և հրազենային վիրավորումներից հետո ոչ պիտանի ճանաչված նախկին զինծառայողներին՝ ապաքինումից և ֆունկցիոնալության որոշակի վերականգնումից հետո, կրկին դիմել պայմանագրային զինծառայության, ինչպես նաև այդ հնարավորությունը տալ որոշակի առողջական վիճակ ունեցող քաղաքացիներին։
Ի՞նչ է փոխվում 13-րդ և 15-րդ կետերում
N 404-Ն որոշման N 1 հավելվածով սահմանված հիվանդությունների ցանկի բացատրական մասի 13-րդ և 15-րդ կետերի երկրորդ պարբերությունների վերջում լրացվում է նոր նախադասություն, համաձայն որի՝ այն դեպքերում, երբ հրազենային կամ ականապայթյունային վիրավորման հետևանքով առաջանում է «Ա» նիշով բնորոշված առողջական վիճակ, սակայն լիարժեք բուժման, վերականգնողական միջոցառումների և ապաքինման արդյունքում վերականգնվել է տեղաշարժվելու ունակությունը (ստորին վերջույթի կամ վերջույթների դեպքում) կամ վերականգնվել են վերին վերջույթի (վերջույթների) շարժողական գործառույթները, ապա 5-րդ սյունակով փորձաքննությունը կարող է իրականացվել՝ կիրառելով «Բ» նիշը։
Ի՞նչ է փոխվում 44-րդ կետում (ամպուտացիա)
Հիվանդությունների ցանկի բացատրական մասի 44-րդ կետը շարադրվում է նոր խմբագրությամբ։ Այս կետով փորձաքննվում է ցանկացած մակարդակում վերին կամ ստորին վերջույթի (վերջույթների) բացակայությունը (ամպուտացիան)։ Համաձայն նոր կարգավորման՝ 5-րդ սյունակով փորձաքննվողները կարող են ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 405-Ն որոշման N 1 հավելվածի 129-րդ կետի պահանջների համաձայն ճանաչվել սահմանափակումով պիտանի զինվորական ծառայությանը, եթե ամպուտացիոն ծայրատի ձևավորումից և ապաքինումից հետո հենակով կամ պրոթեզավորմամբ վերականգնվել է տեղաշարժվելու ունակությունը (ստորին վերջույթի կամ վերջույթների բացակայության դեպքում) կամ պրոթեզավորմամբ վերականգնվել են վերին վերջույթի (վերջույթների) շարժողական գործառույթները։ Միաժամանակ սահմանվում է, որ չարորակ նորագոյացությունների կամ անոթային հիվանդությունների հետևանքով վերջույթի (վերջույթների) ամպուտացիոն բացակայությունը փորձաքննվում է նաև ըստ հիմնական հիվանդության կետի։
Հոգեբույժի պարտադիր կոնսուլտացիա
Նոր խմբագրությամբ 44-րդ կետով սահմանվում է նաև, որ հրազենային կամ ականապայթյունային վիրավորում ստացած զինծառայողները պարտադիր պետք է փորձաքննության ներկայացվեն հոգեբույժի կողմից կատարված կոնսուլտացիայի տվյալներով։
Ուժի մեջ մտնելը
Որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ Որոշման պաշտոնական հրապարակման օրը 2026 թվականի մայիսի 14-ն է։
Ի՞նչ է նշանակում քաղաքացիների և զինծառայողների համար
Ամփոփելով՝ պետք է նշել, որ ՀՀ կառավարության 2026 թվականի մայիսի 14-ի N 655-Ն որոշմամբ հրազենային կամ ականապայթյունային վիրավորման հետևանքով վերջույթ կորցրած կամ վերջույթի գործառույթների խանգարում ունեցած այն անձինք, որոնք բուժման, վերականգնման և պրոթեզավորման (կամ հենակի կիրառման) արդյունքում վերականգնել են տեղաշարժվելու ունակությունը կամ վերին վերջույթի շարժողական գործառույթները, փորձաքննության ընթացքում կարող են ստանալ սահմանափակումով պիտանիության եզրակացություն և ներգրավվել պայմանագրային զինվորական ծառայությանը։ Այսպիսով՝ վիրավորում և վնասվածք ստացած, ֆունկցիոնալության որոշակի խնդիրներ ունեցող քաղաքացիների ու նախկին զինծառայողների համար ստեղծվում է ծառայության վերադառնալու հնարավորություն – տեղեկացնում է Iravaban.net–ը։
Ծանուցում. սույն նյութը պատրաստված է միայն իրավական իրազեկման նպատակով և չի հանդիսանում իրավաբանական խորհրդատվություն։