2026 թ․ մայիսի 26-ին ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Հնդկաստանից տունդարձի ճանապարհին անակնկալ կարճատև կանգառ ունեցավ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում։ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ նա ստորագրում է երեք փաստաթուղթ ու հեռանում։ Ակնթարթային այս այցը, սակայն, աշխարհաքաղաքական հստակ ազդակ էր. ԱՄՆ-ն Հայաստանն այլևս դիտարկում է որպես Ասիան Եվրոպային կապող համաշխարհային մեծ լոգիստիկ շղթայի՝ իր համար առանցքային, ընդհուպ հենակետային օղակ:
Մայիսի 26-ին ստորագրված երեք փաստաթղթերը՝ «ՀՀ և ԱՄՆ միջև կարևորագույն հանքանյութերի և հազվագյուտ հանածոների արդյունահանման և մշակման ոլորտում մատակարարման ապահովման շրջանակային հուշագիրը», «ՀՀ և ԱՄՆ միջև համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրությունը», «ՀՀ և ԱՄՆ միջև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (TRIPP) վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը» (նախաստորագրում), կապիտալիզացրին ԱՄՆ-ի շահերը Հարավային Կովկասում:
Ռազմավարական «եռանկյունին». փաստաթղթերի սիներգիան
Փաստաթղթերի փաթեթը միասնական, փոխլրացնող մեխանիզմ է։ Ռազմավարական կանոնադրությունը փաստացի սահմանում է Հայաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունների բարձրացումը որակական նոր՝ ստրատեգիական համագործակցության մակարդակի և ֆիքսում ԱՄՆ հանձնառությունը Հայաստանի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության միջազգային իրավաքաղաքական ճանաչման իմաստով։ Հանքանյութերի հուշագրով ապահովվում է հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության տնտեսական հենքը՝ ռազմավարական հումքի արդյունահանումը և բարձր տեխնոլոգիական մշակումը հենց Հայաստանում։
TRIPP նախաստորագրված շրջանակային համաձայնագրով ձևավորվում է լոգիստիկ ողնաշար։ Այն ստեղծում է իրավական ու ենթակառուցվածքային ամուր հենք (երկաթուղի, խողովակաշարեր)՝ իրավականորեն ամրապնդելով TRIPP-ի երթուղու ողջ տարածքով ու ենթակառուցվածքային համալիրով ՀՀ սուվերենությունն ու իրավազորությունը:
Այս իմաստով, եթե ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի նախորդ այցը ֆիքսում էր տարածաշրջանային ներգրավվածության ճարտարապետության Սպիտակ տան քաղաքական կամքը, ապա Ռուբիոյի ստորագրած փաստաթղթերը ձևակերպեցին դրա գործնական, այսպես կոչված, բիզնես-մոդելը։ Մասնավորապես՝ անցում կատարվեց մտադրություններից դեպի իրավական կարգավորումներ: Իրավականորեն ամրագրվեց TRIPP-ի կառավարման սխեման, որտեղ ԱՄՆ-ն (ի դեմս պետական Զարգացման ֆինանսական կորպորացիայի) վերցնում է 74% վերահսկող բաժնեմաս՝ ապահովելով բացառիկ հարկային արտոնություններ ամերիկյան կապիտալի համար:
Կանոնադրությամբ ստեղծվում է համապարփակ ռազմավարական գործընկերության հանձնաժողով, որը կվերահսկի բոլոր հուշագրերի կատարումը։ Բացի այդ, Հայաստան-ԱՄՆ տնտեսաքաղաքական օրակարգում միջուկային էներգետիկայի, կիսահաղորդչային ու տվյալների բազաների տեխնոլոգիաների շուրջ փոխադարձ հետաքրքրություններին ավելացավ նաև կրիտիկական միներալների արդյունահանումն ու վերամշակումը։
ԱՄՆ շահերի կապիտալիզացիան և Հայաստանի անվտանգության երաշխիքները
Հետևողականորեն ձևավորելով այս բազան՝ Վաշինգտոնն իր համար լուծում է ոչ միայն զուտ ռեգիոնալ, այլև աշխարհաքաղաքական ռազմավարական խնդիրներ.
TRIPP-ը (ներառյալ Գյումրի-Կարս հնարավոր երկաթգիծը) ստեղծում է միջանցք, որը ճնշում է Ռուսաստանի և Իրանի ազդեցությունը՝ կապելով Կենտրոնական Ասիան Եվրոպայի հետ, և Վաշինգտոնին տալիս է այդ գլոբալ հաղորդուղին մոդերացիայի ենթարկելու հնարավորություն:
ԱՄՆ-ն ապահովում է իր առաջադեմ տեխնոլոգիական և պաշտպանական արդյունաբերության համար կենսական հումքի այլընտրանքային աղբյուր՝ կանխելով հայկական հանքերի հնարավոր անցումը Չինաստանին կամ իր այլ մրցակիցներին։ Համաշխարհային այս հանքահումքային ռեսուրսներին տիրապետումը Չինաստանի տնտեսական էքսպանսիային դիմակայելու գլխավոր տակտիկական լուծումներից է։
Հայաստանը փորձում է օգտվել գերտերությունների լոգիստիկ ու ենթակառուցվածքային մրցակցությունից և իր անվտանգությունը կապել ԱՄՆ-ի տարածաշրջանային հետաքրքրությունների կապիտալիզացիայի հետ։ Այսինքն՝ գործադրվում է հետևյալ մոդելը․ պաշտպանելով իր սեփական շահերը, կապիտալ ներդրումները՝ ԱՄՆ-ն ինքնաբերաբար պաշտպանում է նաև Հայաստանի անվտանգությունը։ Այստեղ Երևանի ամենալուրջ խնդիրը տարածաշրջանային այլ խոշոր խաղացողների՝ Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի կենսական շահերի համադրման կարողությունն է՝ բախման կիզակետի վերածվելու փոխարեն։
Եթե Երևանին հաջողվի խաղալ այս բարդ շախմատը, ստացվող դիվիդենտները կարող են լինել երկարաժամկետ։ Նախ՝ ամերիկյան միլիարդավոր դոլարների ներդրումները TRIPP գոտիներում նշանակում են, որ Հայաստանի վրա ցանկացած հարձակում կդիտարկվի որպես հարված ԱՄՆ պետական ու մասնավոր սեփականությանը (հենց նման մոդել էր Վաշինգտոնն առաջարկում Ուկրաինային):
Բացի այդ, ԱՄՆ-ն պաշտոնապես ֆիքսում է, որ տարանցիկ ուղին գործելու է բացառապես Հայաստանի լիակատար ինքնիշխանության և մաքսային-սահմանային վերահսկողության ներքո: Սա նշանակում է, որ ուժի սպառնալիքով «արտատարածքային միջանցք» կորզելու փորձերը հանդիպելու են ոչ միայն Հայաստանի, այլև Վաշինգտոնի կոշտ հակազդեցությանը, քանի որ ԱՄՆ-ն նախագծի գլխավոր բաժնետերն է։
Երրորդ՝ Ռուբիոյի և Միրզոյանի ստորագրած փաստաթղթերի բովանդակությունը հուշում է, որ Հայաստանը հասանելիություն կունենա ամերիկյան ռազմատեխնիկական պաշտպանական արտադրանքին։ Սա սպառազինման դիվերսիֆիկացիայի առումով ուժեղացնում է Հայաստանի դիրքերը և բացում նոր մատակարարների հետ գործարքների պատուհաններ։ Ընդ որում, եթե հաջողվի իրագործել ամերիկյան տեխնոլոգիաներով փոքր մոդուլային միջուկային ռեակտորների կառուցման՝ նախադեպը չունեցող նախագիծը, Հայաստանը կարող է կտրուկ նվազեցնել նաև Ռուսաստանից էներգետիկ կախվածությունը՝ դրանից բխող քաղաքական բոլոր հետևանքներով։
Հետևաբար, որքան էլ Ռուբիոյի զվարթնոցյան կանգառը կարճատև էր, փաստացի այն ձևակերպեց Հայաստանի անցումը աշխարհաքաղաքական մի նոր, հեռանկարային, բայց ռիսկայնության առումով խիստ տուրբուլենտ ուղեծիր:
Գոռ Աբրահամյան
