Թուրքիայի և Իսրայելի միջև հարաբերությունների կարգավորումը հնարավոր է, եթե պաղեստինյան հարցը լուծվի երկու պետությունների սկզբունքով և վերջ դրվի Գազայի հատվածում մարդասիրական ճգնաժամին, հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը ճապոնական «Նիկեյ» բիզնես թերթին տված հարցազրույցում։
«Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման պայմաններն են երկու պետություն ստեղծելու որոշումն ու Գազայում մարդասիրական ճգնաժամի ավարտը», – ասել է նա։
Ֆիդանը հիշեցրել է, որ Թուրքիայի և Իսրայելի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1949 թվականին, իսկ Գազայի ճգնաժամից առաջ երկկողմ առևտրի ծավալը հասել է տարեկան 10 միլիարդ դոլարի։
«Իսրայելը պետք է դադարեցնի պաղեստինցիների սպանությունը և չխոչընդոտի Գազայի բնակիչների հասանելիությունը հիմնական անհրաժեշտություններին, ինչպիսիք են սնունդը, կացարանը, դեղորայքը և ջուրը: Եթե այս պայմանները բավարարվեն, մենք կարող ենք վերադառնալ բնականոն կյանքի, Իսրայելի հետ համագործակցության, և խնդիրներ չեն լինի: Մենք ցանկանում ենք հասնել երկու պետությունների ստեղծման մասին որոշման», – նշել է նա։
Թուրքիան դադարեցրել է Իսրայելի հետ բոլոր առևտրային հարաբերությունները 2024 թվականի մայիսից ի վեր։