Կարմիր կետագծերի թալանը և մեր հաղթանակը. Անդրանիկ Թևանյան





«Մայր Հայաստան կուսակցության նախագահ, քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանի 2-րդ հոդվածը «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից

———-
Կարմիր կետագծերի թալանը և մեր հաղթանակը

«Մայր Հայաստան» խմբակցությունը 2 տարի հետևողական պայքարեց ու դատարանում հաղթեց Երևանի ՔՊ-ական իշխանությանը (ներառյալ՝ կցորդներին):

Խոսքը մայրաքաղաքում կարմիր և կապույտ կետագծերով ավտոկայանատեղիների մասին է: Դա առաջին հերթին քաղաքացու հաղթանակն է:

12 հազար դրամից 160 հազար դրամ դարձած կարմիր կետագծերի գինը կամայական էր որոշված: Դա նիկոլական իշխանության հերթական թալանչիական որոշումներից էր: Դատարանն անօրինական է որակել այդ թանկացումը:

Ամեն օր ժողովրդի մասին խոսող, իբր ժողովրդին սիրող, ժողովրդի առաջ խոնարհվող, ժողովրդով հպարտացող, ժողովրդին ծառայող Նիկոլ Փաշինյանի երևանյան դրածողները 2 տարի շարունակ ապօրինաբար մտել են նույն այդ ժողովրդի գրպանը և հավաքած գումարներով՝ 1 մլրդ դրամի չափով պարգևավճարներ են բաժանել: Ու այդ գործելոճը համատարած է:

8 տարում 8 միլիարդ դոլարով պետական պարտք ավելացրած և այդ գումարները մսխած նիկոլական իշխանության համար կարմիր կետագծերի թանկացմամբ ժողովրդին թալանելը մանր չարաճճիություն է:

Իշխանափոխությունից հետո ժողովուրդը շոկի մեջ է ընկնելու սրանց թալանի մասշտաբներից ու բնույթից:

Իսկ այս պահին շնորհավորում եմ վարորդներին: Շնորհավորում եմ նաև այս գործով մեր շահերը դատարանում ներկայացնող փաստաբան Վահե Գրիգորյանին՝ քաղաքացու շահերը պաշտպանելու հարցում համատեղ հաղթանակի համար:

Հիմա հերթը վարորդներինն է: Նրանք կարող են դատարաններ քարշ տալ Երևանի ՔՊ-ական իշխանությանը և պահանջել իրենց փողերը:

Վերցնում եք «Մայր Հայաստանի» ստացած հերթական դատական վճիռը ու անցնում գործի: Թալանը հետ բերելուն քաղաքացին էլ պետք է մասնակցի:

Մենք ոչ թե խոսքով, այսինքն՝ նիկոլաբար, այլ գործով ենք ծառայում քաղաքացուն և պաշտպանում նրա շահերը:

Միացի՛ր, որ փոխենք։

Անդրանիկ Թևանյան

«Մայր Հայաստան» կուսակցության նախագահ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակի 2-րդ համար

——

Հ․Գ․ Օրենքով սահմանված կարգով Անդրանիկ Թևանյանն ունի վստահված անձանց միջոցով հանրության հետ շփվելու իրավունք։ Մինչև նախընտրական քարոզարշավի ավարտն Անդրանիկ Թևանյանի ուղերձները կհրապարակվեն «Մայր Հայաստան» շարժման ֆեյսբուքյան էջով։


Leave a Comment