Ժորժե Ժեզուշը փառքով հեռացավ «Ալ-Նասրից»

Սաուդյան Արաբիայի չեմպիոն դառնալուց հետո «Ալ-Նասրը» պաշտոնապես հայտարարել է գլխավոր մարզիչ Ժորժե Ժեզուշի հեռանալու մասին։

«Ինչպիսի՜ արկած։ Ինչպիսի՜ գլուխ։ Եկավ՝ մարտահրավեր նետելով․․․ և հեռանում է մեզնից որպես չեմպիոն։ Շնորհակալություն, պարոն, այն ամենի համար, ինչ արեցիք ակումբի համար։ Դուք միշտ կմնաք նա, ում սիրում են, և ով սիրում է «Ալ-Նասրի» երկրպագուներին»,- ասվում է ակումբի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։

Առաջնության վերջին տուրից հետո 71-ամյա պորտուգալացի մասնագետը հայտնել էր, որ կատարել է Կրիշտիանու Ռոնալդուին տված խոստումը՝ նվաճել երկրի չեմպիոնի տիտղոսը, և լքում է իր պաշտոնը: Նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված էր մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։

Ժեզուշը թիմը գլխավորում էր 2025 թվականի հուլիսից: Այդ ընթացքում «Ալ-Նասրն» անցկացրել է 49 հանդիպում, տարել 40 հաղթանակ, գրանցել 2 ոչ-ոքի և կրել 7 պարտություն:

Ավարտված մրցաշրջանում թիմը վաստակել է 86 միավոր և նվաճել Սաուդյան Արաբիայի չեմպիոնի տիտղոսը:

Leave a Comment