Մամուլում շրջանառվող տեղեկությունը, թե վարորդները կարող են դիմել Երևանի քաղաքապետարան՝ 2025 թվականին վճարովի կայանատեղիի համար գանձված գումարները վերադարձնելու պահանջով, իրավական հիմնավորում չունի։
Այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակը՝ անդրադառնալով թեմայի շուրջ տարածված քննարկումներին։
Նշվում է, որ Վարչական դատարանի՝ 2025 թվականի մայիսի 23-ի օրինական ուժի մեջ մտած վճռով «Մայր Հայաստան» խմբակցության դիմումը բավարարվել է մասնակի, սակայն վիճարկվող դրույթներն անվավեր ճանաչելու պահանջը մերժվել է։
Ըստ պարզաբանման՝ դա նշանակում է, որ փոխհատուցման կամ վերադարձի հարցը չի կարող քննարկվել, քանի որ դատարանը այդ մասով մերժել է խմբակցության պահանջը։
Միևնույն ժամանակ ընդգծվում է, որ դատարանի որոշումը վերաբերում է բացառապես Երևանի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի 265-Ն որոշմանը, որով սահմանվել են 2025 թվականի կայանման վճարները։
Բացի այդ, իրավական վերլուծության համաձայն՝ Երևանի ավագանու 2025 թվականի դեկտեմբերի 23-ի «Երևան համայնքում տեղական վճարների 2026 թվականի դրույքաչափերի մասին» որոշմամբ սահմանված ավտոկայանման վճարների դրույքաչափերը վերանայելու հիմքեր առկա չեն։
Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակի՝ Արտյոմ Կարապետյանի սոցիալական էջից տարածված տեղեկությունից։