«Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ, իրավապաշտպան Գոհար Մելոյանը հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ քաղաքացիներից բազմաթիվ ահազանգեր են ստացվում ընտրական գործընթացում ենթադրյալ խախտումների վերաբերյալ: Նրա փոխանցմամբ՝ քաղաքացիները դիմում են նաև ընտրական գործընթացի չիմացության հետ կապված հարցադրումներով, թե ինչպես է այն իրականացվելու: Նրա ասուլիսի ուղիղ հեռարձակումն Armenia Today-ի Youtube-ի ալիքում։
«Ահազանգեր ենք ստանում ենթադրյալ խախտումների վերաբերյալ, ինչը առավել քան մտահոգիչ է, որովհետև մեր քաղաքական ուժի, մեր դաշինքի առաջնահերթությունը Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավար և իրավական ընտրություններն են՝ ուղղակի, հավասար, ընդհանուր և թափանցիկ»,- հայտարարել է Մելոյանը:
Իրավապաշտպանը նշել է, որ քաղաքացիներից դժգոհություններ են ստացվում այն մասին, որ իրենցից պահանջում են ընտրատեղամասերից դուրս բերել դաշինքի քվեաթերթիկները՝ որպես ապացույց, որ չեն քվեարկել իրենց քաղաքական ուժի օգտին: Մելոյանը նախազգուշացրել է, որ քվեաթերթիկի դուրսբերումն օրենքի խախտում է և կարող է իրավական հետևանքներ առաջացնել հենց քաղաքացու համար:
Բացի այդ, ահազանգեր կան քվեարկությունը վերահսկելու փորձերի մասին: Ըստ ստացված տեղեկությունների՝ որոշ ընտրողների հրահանգում են քվեախցիկում լուսանկարել քվեաթերթիկը՝ որոշակի քաղաքական ուժի աջակցությունը հաստատելու համար: Մելոյանը մարզերի բնակիչներին կոչ է արել չվախենալ և չհավատալ այն պնդումներին, թե քվեախցիկներում թաքնված տեսախցիկներ կան: Նա վստահեցրել է, որ քաղաքական ուժի ներկայացուցիչները ներկա են լինելու բոլոր ընտրատեղամասերում, և քվեարկության գաղտնիությունն ապահովվելու է:
«Անհամեստորեն ասեմ, հսկայական ներուժ ենք ներդնելու, որ որ քաղաքացիների համար ընտրական գործընթացի օրինականությունը մաքսիմալ ապահովենք»,- ընդգծել է բանախոսը:
Պատասխանելով Armenia Today-ի հարցին՝ դաշինքի ներկայացուցիչը նշել է, որ արձանագրվող խախտումների մասշտաբներն արդեն իսկ կարող են ազդել ընտրական գործընթացի լեգիտիմության վրա: Նրա բնորոշմամբ՝ խախտումները կրում են զանգվածային բնույթ և կարող են դելեգիտիմացնել ընտրությունների արդյունքները:
Մելոյանն անդրադարձել է նաև տեղեկություններին, որ տարածքների սեփականատերերը հրաժարվում են հանդիպումների համար դահլիճներ տրամադրել «Ուժեղ Հայաստան» դաշինքին՝ հաստատելով, որ սեփականատերերի նկատմամբ ճնշումներ են գործադրվում քաղաքական ուժի հետ համագործակցությունից հրաժարվելու նպատակով:
Նա տեղեկացրել է, որ հնարավոր խախտումների վերաբերյալ հաղորդումներ ընդունելու համար դաշինքը գործարկել է թեժ գիծ և հատուկ կայք, որտեղ զետեղված են քվեարկության ընթացակարգի պարզաբանումները և բողոքներ ուղարկելու հնարավորությունը:
Մելոյանը հավելել է, որ դաշինքն արդեն իսկ դիմումներ է հղել Կենտրոնական ընտրական հանձնաժողով և այլ գերատեսչություններ մի շարք խնդիրների առնչությամբ, այդ թվում՝ այն հասցեների վերաբերյալ, որոնցում, իրենց տեղեկություններով, ավելի քան 100 ընտրող է գրանցված:
Հայաստանում խորհրդարանական ընտրությունները կկայանան հունիսի 7-ին, որին կմասնակցի 18 քաղաքական ուժ։ Պաշտոնական քարոզարշավը մեկնարկել է մայիսի 8-ին և կավարտվի հունիսի 5-ին։
