Մխիթարյանը կարող է մինչև 2027 թվականն երկարաձգել պայմանագիրը «Ինտերի» հետ

Իտալական «Ինտերի» կիսապաշտպան, Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը կարող է երկարաձգել պայմանագիրը միլանյան ակումբի հետ: «РБ Спорт» մարզական պորտալի հետ զրույցում այս մասին հայտնել է Հայաստանի ազգային հավաքականի նախկին դարպասապահ Ռոման Բերեզովսկին։

«Իհարկե, ես շատ ուրախ եմ, որ Հենրիխը կերկարաձգի պայմանագիրը «Ինտերի» հետ։ Կասկած չունեմ, որ նա առնվազն ևս մեկ տարի բոլորիս կուրախացնի իր խաղով։ Ինձ թվում է՝ այս լուրը կուրախացնի նաև Մխիթարյանի երկրպագուներին, որոնք շատ են ոչ միայն Հայաստանում, այլև ողջ աշխարհում»,-հայտարարել է Բերեզովսկին։

Ինքը՝ Մխիթարյանը, Radio TV Serie A-ին տված հարցազրույցում մայիսի 18-ին հայտնել էր, որ կարիերան ավարտելու մտադրություն չունի և շարունակում է մոտիվացված լինել բարձր մակարդակով հանդես գալու համար։

Նախորդ մրցաշրջանում Մխիթարյանը «Ինտերի» կազմում անցկացրել է 39 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։ 2025/26 մրցաշրջանի արդյունքներով միլանյան ակումբը հռչակվել է Իտալիայի չեմպիոն։

37-ամյա Մխիթարյանը միլանյան «Ինտերում» հանդես է գալիս 2022 թվականից և շարունակում է մնալ թիմի առանցքային խաղացողներից մեկը։ Transfermarkt-ի տվյալներով՝ կիսապաշտպանի գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։ Ակումբի կազմում անցկացրած տարիների ընթացքում նա մասնակցել է ավելի քան 170 հանդիպման, իսկ նրա շուկայական արժեքը գնահատվում է շուրջ 3,5 մլն եվրո։

Մխիթարյանը Հայաստանի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն է և երկրի ամենատիտղոսակիր մարզիկներից մեկը։ Իր կարիերայի ընթացքում նա նվաճել է 28 խոշոր տիտղոս, այդ թվում՝ դարձել է Հայաստանի, Ուկրաինայի և Իտալիայի չեմպիոն, հաղթել ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայում և Կոնֆերենցիաների լիգայում, ինչպես նաև նվաճել է Անգլիայի և Իտալիայի գավաթներն ու սուպերգավաթները։

Leave a Comment