Գևորգ Պապոյանը խոշոր ջերմոցատերերի հետ քննարկել է ՌԴ-ի կողմից կիրառված սահմնափակումները

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն այսօր հանդիպել է խոշոր ջերմոցային տնտեսությունների ներկայացուցիչների հետ և քննարկել առկա խնդիրները։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։

«Քննարկվել են ջերմոցաշինության ոլորտում առկա իրավիճակը, զարգացման հիմնական մարտահրավերներն ու ընթացիկ խնդիրների լուծման հնարավոր ուղիները»,–նշված է հաղորդագրության մեջ
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ոլորտի զարգացման հեռանկարներին, արդյունավետության բարձրացմանն ուղղված նախաձեռնություններին և արտահանման դիվերսիֆիկացիային։

Նախարարը նշել է, որ ավանդական շուկաներին զուգահեռ անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել միջազգային շուկաներում հայկական արտադրանքի ներկայացվածությունն ապահովելու ուղղությամբ։

«ՀՀ կառավարությունն արդեն իսկ իրականացնում է բազմաթիվ ծրագրեր և պատրաստ է ձեռնարկել հավելյալ քայլեր՝ տնտեսության դիվերսիֆիկացիան ամբողջացնելու նպատակով»,- նշել է նախարարը։

Հիշեցնենք` Ռոսսելխոզնադզորը մայիսի 22-ից ժամանակավորապես սահմանափակել է Հայաստանից ծաղիկների ներկրումը։

Գերատեսչությունը մայիսի 28-ին հայտնեց, որ մայիսի 30-ից սահմանափակում է նաև Հայաստանից պտուղ-բանջարեղենի ներկրումը:

Leave a Comment