Հայաստանը հետագայում նույնպես մտադիր է շարունակել բարեխղճորեն մասնակցել Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) աշխատանքներին, Աստանայում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում հայտարարել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Նա հավելել է, որ ՀՀ-ն կմասնակցի ԵԱՏՄ աշխատանքներին՝ հիմնվելով փոխադարձ հարգանքի, իրավահավասար գործընկերության և անդամ երկրների ազգային շահերը հաշվի առնելու սկզբունքների վրա։
Գրիգորյանի խոսքով՝ Հայաստանը վերահաստատում է ԵԱՏՄ շրջանակում փոխշահավետ համագործակցության հանձնառությունը՝ հանուն անդամ երկրների և տարածաշրջանի տնտեսական կայուն զարգացման։ Գրիգորյանը կարևորել է նաև արհեստական բանականության ոլորտում համագործակցությունը՝ նշելով, որ այդ տեխնոլոգիաները դառնում են տնտեսությունների մրցունակության և տեխնոլոգիական ինքնիշխանության հիմնական գործոններից մեկը։
Փոխվարչապետն ընդգծել է ծառայությունների առևտրի հետագա ազատականացման, երրորդ երկրների հետ առևտրատնտեսական կապերի դիվերսիֆիկացման և տրանսպորտային կապուղիների զարգացման կարևորությունը։
Մոսկվայի և Երևանի հարաբերությունները լարվել են՝ հայկական կողմից ՀԱՊԿ գործունեության քննադատության և Հայաստանի՝ Եվրամիության հետ կապերի ընդլայնման շուրջ հայտարարությունների ֆոնին։
Մոսկվայից հնչող կոշտ քննադատության ֆոնին ՌԴ-ն սահմանափակել էր ՀՀ-ից մի շարք ապրանքների ներմուծումը։ «Ռոսսելխոզնադզորը» հայտնել էր, որ մայիսի 22-ից ժամանակավոր սահմանափակումներ է մտցնում Հայաստանից ծաղիկների ներկրման նկատմամբ, կասեցվել էր «Ջերմուկ» հանքային ջրի բոլոր խմբաքանակների ներմուծումը։
Ավելի ուշ կասեցրել էր նաև Հայաստանից ներկրված ալկոհոլային արտադրանքի առանձին խմբաքանակների իրացումը, ինչպես նաև ՌԴ ներկրվող հայկական ելակը հետ էր ուղարկվել Բագրատաշենի անցակետից։
Մայիսի 22-ին ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել էր, որ Եվրամիությանն անդամակցելու որոշման պարագայում Հայաստանը կկորցնի որոշակի արտոնություններ, երկրի համար կսահմանվեն մաքսատուրքեր, ինչպես նաև կփոխվեն գազի և էլեկտրաէներգիայի սակագները։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ էր արել հայկական իշխանություններին կողմնորոշվել ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև, իսկ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ավելի վաղ զգուշացրել էր ԵԱՏՄ արտոնությունների հնարավոր կորստի մասին: Ավելի ուշ Օվերչուկը հայտարարել էր, որ Հայաստանը ԵԱՏՄ-ից դուրս գալու ծրագրեր չունի։
