Reuters-ը ծավալուն հոդված է հրապարակել՝ անդրադառնալով հայաստանյան ներքաղաքական կյանքին։
Ըստ լրատվամիջոցի՝ արևմտյան հետախուզական և կառավարական աղբյուրները պնդում են, որ Ռուսաստանը ակտիվացրել է Հայաստանի ներքաղաքական գործընթացների վրա ազդելու գաղտնի գործողությունները՝ փորձելով խոչընդոտել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնարավոր վերընտրությանը։
Ըստ նույն աղբյուրների՝ Մոսկվան մտահոգված է, որ Փաշինյանի հաղթանակը կարող է վերջնականապես ամրապնդել Հայաստանի արտաքին քաղաքական շրջադարձը դեպի Արևմուտք։
Ըստ հետախուզական տվյալների՝ Մոսկվայի ծրագրերը հունիսի 7-ի ընտրություններից առաջ ներառել են ապատեղեկատվական արշավներ՝ հօգուտ պրոռուսական թեկնածուների, ինչպես նաև բավական համարձակ մի ծրագիր՝ տասնյակ հազարավոր ռուսաստանահայերի՝ Հայաստան տեղափոխելու համար, որպեսզի ազդեն ընտրությունների արդյունքի վրա։
Հոդվածում նշվում է, որ հունիսի 7-ին նախատեսված ընտրություններից առաջ ռուսական գործողությունները ներառել են ապատեղեկատվական արշավներ՝ ի աջակցություն պրոռուսական թեկնածուների, ինչպես նաև Ռուսաստանում բնակվող հայերի զանգվածային տեղափոխման ծրագիր՝ ընտրությունների արդյունքների վրա ազդելու նպատակով։ Reuters-ը հղում է անում իր ուսումնասիրած փաստաթղթերին և արևմտյան հետախուզության ներկայացուցիչների հետ անցկացված հարցազրույցներին։
Հայաստանը, որն ունի շուրջ երեք միլիոն բնակչություն և երկար տարիներ գտնվել է Մոսկվայի ազդեցության տիրույթում, վերջին շրջանում զգալիորեն խորացրել է կապերը Եվրոպայի և ՆԱՏՕ-ի հետ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ըստ հարցումների, շարունակում է պահպանել առաջատար դիրքերը։ Միաժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակայնորեն աջակցություն է հայտնել նրա վերընտրվելու հայտին։
Այս շաբաթ Երևան էր ժամանել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Այցի ընթացքում ստորագրվել են օգտակար հանածոների արդյունահանման և «Միջազգային խաղաղության և բարգավաճման Թրամփի երթուղու» վերաբերյալ համաձայնագրեր։ Նախագծվող տրանսպորտային միջանցքը, որը պետք է անցնի Հայաստանի տարածքով, ըստ հոդվածի, կարող է է՛լ ավելի սահմանափակել Ռուսաստանի ազդեցությունը տարածաշրջանում։
Հայաստանը 2024 թվականին սառեցրել էր իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին, իսկ այս ամիս Երևանը հյուրընկալել էր ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին՝ եվրոպական առաջնորդների գագաթնաժողովի շրջանակում։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բազմիցս դժգոհություն է հայտնել Փաշինյանի արտաքին քաղաքական կուրսի վերաբերյալ։ Վերջին օրերին Մոսկվան նախազգուշացրել է, որ Հայաստանը կարող է կորցնել ռուսական էժան գազի մատակարարումները, ինչպես նաև սահմանափակել է հայկական մի շարք ապրանքների՝ մրգերի, բանջարեղենի, ծաղիկների և կոնյակի ներմուծումը։
«Այն, ինչ փորձում է անել Փաշինյանը, սպառնալիք է Ռուսաստանի համար», — Reuters-ին ասել է Carnegie Europe հիմնադրամի ավագ փորձագետ Թոմաս դե Վաալը։ Նրա խոսքով՝ Հայաստանի արտաքին քաղաքական դիվերսիֆիկացումը նշանակում է, որ Ռուսաստանը կորցնում է Հայաստանում ունեցած իր փաստացի մենաշնորհային դիրքը։
Արևմտյան երեք պաշտոնյաների փոխանցմամբ՝ Մոսկվայի նախընտրելի թեկնածուն գործարար Սամվել Կարապետյանն է, որը ներկայումս դատարանի առաջ է կանգնել իշխանությունը տապալելու կոչերի մեղադրանքով։ Կարապետյանը հերքում է մեղադրանքները։ Նրա փաստաբան Ռոբերտ Ամստերդամը Reuters-ին ասել է, որ իր պաշտպանյալը որևէ տեղեկություն չունի ռուսական աջակցության մասին։
Reuters-ը հիշեցնում է, որ Եվրոպայում Ռուսաստանին վաղուց են մեղադրում ընտրական գործընթացներին միջամտելու մեջ՝ որպես օրինակ նշելով Մոլդովան և Հունգարիան։ Մոսկվան, իր հերթին, պնդում է, թե Արևմուտքն է փորձում ներգործել Ռուսաստանի սահմանների հարակից երկրների քաղաքականության վրա։
Ռուսաստանի արտգործնախարարությունը Reuters-ի հրապարակումը որակել է «կեղծ պնդումների» և «հակառուսական հռետորաբանության» տարածում։ Հայաստանի կառավարության տեղեկատվական վարչությունը հրաժարվել է մեկնաբանել ներկայացված մեղադրանքները, սակայն հայտարարել է, որ իշխանությունները քայլեր են ձեռնարկում ապատեղեկատվության դեմ պայքարի և ազատ ու թափանցիկ ընտրությունների ապահովման ուղղությամբ։
Ռուսաստանից ընտրողների տեղափոխման ծրագիր
Հոդվածի համաձայն՝ Կրեմլը նախորդ տարվա հոկտեմբերին ստեղծել է նոր ստորաբաժանում՝ Ռազմավարական համագործակցության և գործընկերության վարչությունը, որը, ըստ չորս աղբյուրների, համակարգում է Հայաստանում ազդեցության գործողությունները։
Հինգ աղբյուրների փոխանցմամբ՝ ռուս պաշտոնյաները վերջին ամիսներին քննարկել են Ռուսաստանում բնակվող հայերին Հայաստան տեղափոխելու հարցը՝ Փաշինյանի ընդդիմախոսների օգտին քվեարկելու նպատակով։ Թեև Հայաստանի քաղաքացիները չեն կարող արտերկրից մասնակցել ընտրություններին, հայերը պարբերաբար ուղևորություններ են կատարում երկու երկրների միջև, և օրական իրականացվում են տասնյակ չվերթեր։
ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը Reuters-ին ասել է, որ դեռ քննարկվում է, թե որքան մարդ կարող է հաջողվել տեղափոխել, սակայն հետախուզական շրջանակներում այս սցենարը դիտարկվում է որպես լուրջ վտանգ։
Երեք աղբյուրների համաձայն՝ ռուսական իշխանությունները հաշվարկել են, որ 100 հազար ընտրողի տեղափոխման համար անհրաժեշտ կլինի մոտ 50 միլիոն դոլար։ Ըստ նույն աղբյուրների՝ մայիսի կեսերին Կրեմլն արդեն քվոտաներ էր սահմանել ռուսական շրջանների համար՝ յուրաքանչյուրից պահանջելով ապահովել որոշակի թվով ընտրողների ուղարկում Հայաստան։
Reuters-ը նշում է, որ չի կարողացել պարզել՝ արդյոք ծրագիրն արդեն իրականացվում է, և որքանով այն կարող է ազդել ընտրությունների արդյունքների վրա։
Վերջին հարցումների համաձայն՝ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը շարունակում է առաջատար մնալ՝ մոտ 30 տոկոս աջակցությամբ, մինչդեռ Սամվել Կարապետյանի «Հզոր Հայաստան» կուսակցությունը երկրորդ տեղում է՝ մոտ 6 տոկոս ցուցանիշով։
ԱՄՆ միջնորդությամբ խաղաղության գործընթացը
Նիկոլ Փաշինյանը իշխանության եկավ 2018 թվականին՝ զանգվածային բողոքի ակցիաներից հետո։ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները հատկապես լարվեցին 2023 թվականին, երբ ռուս խաղաղապահները չկարողացան կանխել Լեռնային Ղարաբաղի անցումը Ադրբեջանի վերահսկողության տակ։
Օգոստոսին Փաշինյանը ԱՄՆ միջնորդությամբ խաղաղության համաձայնագիր կնքեց Ադրբեջանի հետ, որը նախատեսում է բացել տարածաշրջանային տրանսպորտային ուղիներ, այդ թվում՝ Հայաստանի հարավով անցնող միջանցքը։ Reuters-ի աղբյուրների փոխանցմամբ՝ Ռուսաստանը մտահոգված է հատկապես նրանով, որ այդ ճանապարհահատվածի անվտանգությունը կարող է ապահովվել ԱՄՆ աջակցությամբ գործող միջազգային ուժերի կողմից։
Արևմտյան երկու պաշտոնյաների կարծիքով՝ եթե Փաշինյանը կորցնի իշխանությունը, ապա ԱՄՆ աջակցությամբ ընթացող խաղաղության գործընթացը կարող է ձախողվել։
Անվտանգության և ապատեղեկատվության սպառնալիքներ
Այս ամսվա սկզբին համացանցում տարածվել էր մի տեսանյութ, որտեղ դիմակավորված անձինք հայերեն սպառնում էին սպանել վարչապետ Փաշինյանին։ Reuters-ը նշում է, որ չի կարողացել հաստատել սպառնալիքի իսկությունը կամ պարզել դրա հեղինակներին։ Գործը քննվում է Հայաստանի իրավապահ մարմինների կողմից։
ԱՄՆ գործող և նախկին պաշտոնյաների, ինչպես նաև մեկ այլ աղբյուրի փոխանցմամբ՝ վերջին տարիներին ԿՀՎ-ն գաղտնի աջակցություն է ցուցաբերել Փաշինյանի անվտանգության ապահովման հարցում՝ ներառյալ հնարավոր սպառնալիքների վերաբերյալ հետախուզական տեղեկատվության փոխանցումը։
Հոդվածում նաև նշվում է, որ ռուսական կողմը ակտիվացրել է առցանց ապատեղեկատվական արշավները՝ Փաշինյանի կառավարության հեղինակությունը թուլացնելու նպատակով։ Որպես օրինակ Reuters-ը բերում է կեղծ տեղեկությունների տարածումը Փաշինյանի մասնակցությամբ ենթադրյալ հողային կոռուպցիոն սխեմայի վերաբերյալ, որտեղ հիշատակվել էին նաև ամերիկացի սենատորներ Ջին Շահինը և Թոմ Թիլիսը։
Եվրոպացի պաշտոնյաներից մեկի խոսքով՝ այդ արշավներին ներգրավված է եղել «Storm-1516» անունով հայտնի բոտային ցանցը, որը նախկինում կապվել էր նաև ԱՄՆ ընտրական գործընթացներին միջամտելու փորձերի հետ։
Reuters-ը գրում է նաև, որ Կրեմլը համագործակցել է ռուսական քաղաքական տեխնոլոգիական կառույցների, այդ թվում՝ «Սոցիալական դիզայնի գործակալության» (SDA) հետ, որը գտնվում է Եվրամիության և Մեծ Բրիտանիայի պատժամիջոցների տակ։
Լրատվական գործակալության ուսումնասիրած փաստաթղթերից մեկում առաջարկվում էր ստեղծել «Yerevan1» անվամբ լրատվական հարթակ՝ Ռուսաստանի հայ համայնքի համար։ Դրա հիմնական ուղերձը պետք է լիներ այն, որ «Հայաստանը կարող է բարգավաճել միայն Ռուսաստանի հետ սերտ դաշինքի և նրա պաշտպանության ներքո»։
