ՆԱՏՕ-ն արտակարգ նիստ է հրավիրել Ռումինիայում ԱԹՍ-ի հարվածի պատճառով – armeniatoday.am

ՆԱՏՕ-ն արտահերթ նիստ կգումարի Ռումինիայում անօդաչու թռչող սարքի պայթյունից հետո, հայտնել է ՌԲԿ-ն։

Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը տեղեկացրել է, որ հարցը կքննարկվի համատեղ նիստում՝ այլ մանրամասներ չփոխանցելով: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն դատապարտել է տեղի ունեցած միջադեպը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ռումինական Գալաց քաղաքում անօդաչու թռչող սարքը բախվել է բազմաբնակարան բնակելի շենքի, ինչի հետևանքով տուժել էր երկու մարդ: Միջադեպը տեղի էր ունեցել մայիսի 29-ի գիշերը՝ ժամը երկուսի սահմաններում։ ԱԹՍ-ն բախվել էր բնակելի շենքի տանիքին, ինչից հետո պայթյուն էր որոտացել, հրդեհ է բռնկվել 10-րդ հարկի բնակարաններից մեկում։

Փրկարարները կրակն օպերատիվորեն մարել էին, պատահարի պատճառով տարհանվել էր շուրջ 70 մարդ։ Իշխանությունները բնակիչների համար ժամանակավոր տեղավորման կետ են պատրաստել։

Ռումինիայի ազգային պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ԱԹՍ-ն հատել է երկրի սահմանը և ռադարներով հետագծվել է մինչև Գալացի հարավային շրջան, որտեղ էլ ընկել է շենքի տանիքին։ Օդանավը որսալու համար Ֆետեշտիի ավիաբազայից օդ են բարձրացվել F-16 կործանիչներ, որոնց ուղեկցել է ռազմական ուղղաթիռը։

Մայիսի սկզբին Ռումինիան կրկին օդ էր բարձրացրել երկու F-16 կործանիչ՝ Ուկրաինայի հետ սահմանին մոտ 20 անօդաչու սարք հայտնաբերելու պատճառով։ Պաշտպանության նախարարության տվյալներով՝ դրանք շարժվում էին սահմանամերձ Իզմայիլի շրջանի ուղղությամբ։ Ռադարները ֆիքսել էին նաև դրանցից մեկի կարճատև ներթափանցումը Ռումինիայի օդային տարածք՝ Կիլիայի շրջանում։

Ռումինիայի ազգային պաշտպանության նախարար Ռադու Միրուցան հայտարարել էր, որ երկիրը հակաօդային պաշտպանության միջոցներից «պատ» կստեղծի՝ անօդաչու սարքերից պաշտպանվելու համար։ Նրա խոսքով՝ առայժմ հնարավոր չէ ամբողջությամբ փակել երկինքը նոր սպառնալիքներից։ Նախարարը նաև չէր բացառել, որ առաջիկայում Ռումինիայի տարածքում կարող են կրկնվել ԱԹՍ-ների անկման դեպքեր։

Leave a Comment