«Հայաստանի էլեկրտրական ցանցերի» (ՀԷՑ) պարտքերը մարում են ոլորտի բարելավման համար նախատեսված ներդրումային ծրագրերը նվազեցնելու հաշվին, Armenia Today-ին հայտնել է ՀԷՑ նախկին տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, «Ուժեղ Հայաստան» դաշինքի խորհրդի անդամ Դավիթ Ղազինյանը՝ մեկնաբանելով ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի՝ ՀԷՑ-ի 50 մլն դոլարի պարտքերը մարելու հայտարարությունը:
Պետրոսյանը նշել էր, որ վճարումներն իրականացվել են «բացառապես սեփական միջոցների հաշվին՝ առանց լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավման»։ Նա հստակեցրել էր, որ խոսքն իր ժամանակավոր կառավարման շրջանի և միջազգային ու տեղական բանկերի նկատմամբ ունեցած ֆինանսական պարտավորությունների մասին է։
Ղազինյանը մտահոգություն է հայտնել, որ նման գործելաոճը կարող է հանգեցնել ծառայությունների որակի վատթարացման և էներգահամակարգի համար մեծացնել ռիսկերը։
«Շատ հեշտ է ներդրումային ծրագրեր չիրականացնել, վարկը մարել և ամեն տարի կանգնել այնպիսի խնդրի առաջ, որում Էրեբունի համայնքը հայտնվել էր Ամանորին (մի քանի օր համայնքը գրեթե ամբողջությամբ հոսանքազրկված էր շուրջ 4 օր – խմբ․)»,- ասել է Ղազինյանը։
Նա նշել է, որ նման կառավարման պայմաններում այս տարի շատ ավելի վատ կարող է լինել։
Ղազինյանը հավելել է, որ մայիսի 25-ին ավարտվել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) և ՀԷՑ-ի մինջև բանակցություններ իրականացնելու ժամկետը։ Նրա խոսքով՝ որպես այդպիսին, այս ընթացքում բանակցություններ տեղի չեն ունեցել, և այս պահին իշխանությունը «գնում է գերակա շահի» ճանապարհով (երբ մասնավոր սեփականությունն օտարվում է հանրության և պետության կարիքների համար՝ գերակա հանրային շահի հիմքով – խմբ.)։
Նա պնդել է, որ իշխանությունը, եթե համարձակություն ունի, կարող է ՀԷՑ-ի արժեքի վերաբերյալ օբյեկտիվ պատկեր ստանալու համար դիմել միջազգային հեղինակություն ունեցող և գնահատում իրականացնող ընկերության։
Իշխանությունները ՀԷՑ-ը վերահսկողության տակ վերցնելու գործընթաց էին նախաձեռնել «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի կալանավորումից հետո։ Չնայած Ստոկհոլմի արբիտրաժային ինստիտուտը կառավարությանը պարտավորեցրել էր ձեռնպահ մնալ բռնագրավման քայլերից, ՀԾԿՀ-ն ավելի ուշ դադարեցրել էր ՀԷՑ-ի լիցենզիան։ Ապրիլին դատարանը ՀՀ կառավարությանն արգելել էր մինչև մայիսի 25-ը իրականացնել ՀԷՑ-ի օտարման գործընթաց։
Մայիսի 8-ին Ղազինյանը հաստատել էր, որ կառավարությունը ՀԷՑ-ի համար 380 000 դոլար է առաջարկել, որը սեփականատերերը չեն ընդունում։
«Տաշիր» ընկերությունների խումբը տեղի ունեցողը որակում է որպես քաղաքական գործընթաց և ահազանգում ներդրումային միջավայրի վտանգների մասին։
