Իրանը հայտնել է հարվածների տնտեսական հետևանքների մասին – armeniatoday.am

ԱՄՆ-ի և Իսրայելի դեմ պատերազմի ընթացքում Իրանը հարյուրավոր միլիարդ դոլարի վնաս է կրել, ուստի փոխհատուցման հարցն առաջնահերթություն է, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Իսլամական Հանրապետության Մեջլիսի (խորհրդարանի) ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության կոմիտեի անդամ Ալաեդդին Բորուջերդին։ 

Նրա խոսքով՝ քանի որ պատերազմը սանձազերծել է Վաշինգտոնը, ԱՄՆ-ն պարտավոր է փոխհատուցել վնասը, ինչը Թեհրանի գլխավոր և լուրջ պահանջն է: Բորուջերդին հավելել է, որ Մերձավոր Արևելքի այն երկրները, որոնք իրենց տարածքը տրամադրել են Իրանին հարվածներ հասցնելու համար, փաստացի դարձել են այդ վնասների մասնակից և նույնպես պետք է կրեն պատասխանատվություն՝ վճարելով իրենց բաժինը։

ԱՄՆ-ն և Իսրայելն սկսել էին հարվածներ հասցնել Իրանին փետրվարի 28-ին։ Մայիսի 25-ին ԶԼՄ-ները հայտնել էին, որ Իրանի պատվիրակությունը ժամանել է Դոհա՝ ԱՄՆ-ի հետ համաձայնագիրը քննարկելու։ Axios-ը հայտնել էր, որ ԱՄՆ-ն ու Իրանը մոտ են 60-օրյա հրադադարի համաձայնագիր կնքելուն։ ԱՄՆ-ն և Իրանը հրադադարի ֆոնին փոխանակվել էին հարվածներով։

Մայիսի 28-ին Axios-ը, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչները պատրաստել են փոխըմբռնման հուշագրի նախագիծ, որը նախատեսում է զինված հակամարտության ավարտ և միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների մեկնարկ։ Սակայն, ըստ հրապարակման, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեռ չի հաստատել փաստաթուղթը։ Իրանական լրատվամիջոցները հերքել էին այդ տեղեկությունը։

Leave a Comment