Լոս Անջելեսի Նորթ Հիլզ թաղամասի տներից մեկում հայտնաբերվել են հայ ընտանիքի չորս անդամի՝ ամուսինների և երկու փոքր երեխաների դիերը, հայտնում է The Sun պարբերականը։
Պարբերականի տեղեկություններով՝ դիերի հայտնաբերման մասին հաղորդումն ստացվել է 911 ծառայության միջոցով: Դեպքի վայր ժամանած իրավապահները տանը հրազենային վնասվածքներով չորս դի են հայտնաբերել:
Լոս Անջելեսի դատական բժիշկների գրասենյակի փոխանցմամբ՝ սպանվածներից երեքն արդեն նույնականացվել են. նրանք են 31-ամյա Խաժակ Բասմաջյանը, 2 տարեկան Ալեք Բասմաջյանը և ընդամենը 6 օրական Էլլա Բասմաջյանը: 30-անց կնոջ ինքնությունը դեռևս պաշտոնապես չի հրապարակվել՝ մինչև նրա հարազատներին տեղեկացնելը:
Ըստ նախնական վարկածի՝ տեղի ունեցածը որակվում է որպես սպանություն և ինքնասպանություն: Հետաքննության տվյալները մատնանշում են, որ կինն սպանել է իր երկու երեխաներին ու նրանց հորը, որից հետո վերջ է տվել կյանքին: Իրավապահները հայտարարել են, որ այլ կասկածյալների չեն փնտրում:
Դեպքի վայրում աշխատում են ոստիկանության, արտակարգ ծառայությունների և հրշեջ վարչության աշխատակիցները, ինչպես նաև Լոս Անջելեսի քաղաքապետի ճգնաժամային արձագանքման թիմի անդամները, որոնք աջակցություն են ցուցաբերում զոհերի հարազատներին:
