Սուրբ Էջմիածնի սրբազան մասունքները երկրպագության համար դուրս կբերվեն․ Մայր Աթոռ

Հունիսի 1-7-ը Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցին կնշի Արարատյան շաբաթվա տոները, որի շրջանակում Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի օրհնությամբ հավատացյալների երկրպագության համար դուրս կբերվեն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում պահվող սրբազան մասունքները, հայտնում է Մայր Աթոռը։

Մայիսի 31-ին, Արարատյան շաբաթվա տոնակատարություններին ընդառաջ, հավատացյալների երկրպագության համար դուրս կբերվեն Քրիստոսի խաչափայտի (Կենաց փայտի) մասունքը, Սուրբ Գրիգոր Լուսավորչի Աջը և Սուրբ Սահակ Պարթև Հայրապետի մասունքը։ Մասունքները ժողովրդի երկրպագության համար հասանելի կլինեն մինչև ժամը 20:00-ն։ Ժամը 11:00-ին Միածնաէջ Մայր Տաճարում կմատուցվի Սուրբ և Անմահ պատարագ։

Հունիսի 1-ին՝ Սուրբ Հռիփսիմյանց կույսերի տոնի օրը, ժամը 10:30-ին Սուրբ Հռիփսիմե վանքում կմատուցվի Սուրբ և Անմահ պատարագ։ Նախապես՝ ժամը 9:30-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից եկեղեցական թափորով վանք կտարվեն Սուրբ Հռիփսիմե կույսի մասունքները։ Պատարագի ավարտին կկատարվի Անդաստանի կարգ։

Հունիսի 2-ին՝ Սուրբ Գայանյանց կույսերի տոնին, ժամը 10:30-ին Սուրբ Գայանե վանքում կմատուցվի Սուրբ և Անմահ պատարագ։ Ժամը 10:00-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից եկեղեցական թափորով վանք կտարվեն Սուրբ Գայանե կույսի մասունքները։ Պատարագից հետո կկատարվի Անդաստանի կարգ։

Հունիսի 4-ին՝ Սուրբ Հովհաննես Կարապետի և Աթանագինե եպիսկոպոսի տոնի առիթով, ժամը 10:30-ին Սուրբ Շողակաթ վանքում կմատուցվի Սուրբ և Անմահ պատարագ, ուր կտարվեն Սուրբ Հովհաննես Մկրտչի և Աթանագինե եպիսկոպոսի մասունքները։

Հունիսի 6-ին՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի՝ Վիրապից ելնելու տոնին, ժամը 10:30-ին Խոր Վիրապի վանքում կմատուցվի Սուրբ և Անմահ պատարագ։ Տոնի առիթով այնտեղ կտարվեն Սուրբ Գրիգոր Լուսավորչի մասունքները։

Արարատյան շաբաթվա տոնակատարությունները կեզրափակվեն հունիսի 7-ին՝ Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնով։ Ժամը 11:00-ին Միածնաէջ Մայր Տաճարում կմատուցվի Սուրբ և Անմահ պատարագ, որից հետո կաթողիկոսի հանդիսապետությամբ կկատարվի մաղթանք՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի անսասանության և հավետ պայծառության համար։

Leave a Comment