Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 16 միավոր JAS 39 Gripen կործանիչ. հայտնել են Շվեդիայի իշխանությունները Զելենսկու այցի ընթացքում։ Եվս 22 ինքնաթիռ Ուկրաինան կգնի։ Առաջին կործանիչներին Կիևում սպասում են արդեն այս տարվա վերջին։
Կործանիչների հետ մեկտեղ Ուկրաինան կստանա նոր հզոր զենք՝ մեծ հեռահարության Meteor ավիացիոն հրթիռներ։
Երկու երկրների միջև ձեռք բերված համաձայնության պայմանների համաձայն՝ Ուկրաինան պետք է Շվեդիայից գնի 22 միավոր Gripen E/F կործանիչ. դրա համար նա նախատեսում է ուղղել 2,5 միլիարդ եվրո՝ ԵՄ վարկային աջակցության ծրագրից։ Նաև, ինքնաթիռների գնման պայմանագրի ստորագրումից հետո, Շվեդիան մտադիր է երկկողմ օգնության շրջանակներում Ուկրաինային փոխանցել 16 միավոր Gripen C/D կործանիչ։
«Մենք ակնկալում ենք, որ Gripen-ի օգնությամբ կկարողանանք դուրս մղել ռուսական ինքնաթիռները, որպեսզի նրանք մեր դեմ չկիրառեն կառավարվող ավիացիոն ռումբեր (КАБ)»,- ասել է Զելենսկին։
Առաջին ինքնաթիռները Ուկրաինան ակնկալում է ստանալ արդեն 2026 թվականի դեկտեմբերին կամ 2027-ի հունվարին։ Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնը խոսել է 2027 թվականի մասին։
Gripen E-ն և F-ը կործանիչի ավելի նոր մոդիֆիկացիաներ են՝ մեծացված հեռահարությամբ և օգտակար բեռնվածությամբ. դրանք ունեն կախոցների 10 կետ (երկուսով ավելի, քան վաղ տարբերակները) և ավելի բարդ բորտային էլեկտրոնային համակարգ։ C և E մոդիֆիկացիաները միատեղանի են, իսկ D-ն և F-ը՝ երկտեղանի։ Անձնակազմի երկրորդ անդամը զբաղվում է կործանիչի բարդ սպառազինության և այլ համակարգերի սպասարկմամբ։
