«Ատլետիկոն» մտափոխվել է Ալվարեսի վաճառքի հարցում

Մադրիդի «Ատլետիկոյի» ղեկավարությունը դիտարկում է առաջիկա ամռանը թիմի արգենտինացի հարձակվող Խուլիան Ալվարեսի վաճառքի հնարավորությունը, որպեսզի անհաջող մրցաշրջանից հետո ֆինանսավորի կազմի թարմացումը։ Այս մասին հայտնում է իսպանական AS պարբերականը։

​Աղբյուրի տվյալներով՝ ակումբի սպորտային տնօրեն Մատեու Ալեմանին արդեն սկսել է նախապատրաստվել «Ատլետիկոյի» նորագույն պատմության ամենախոշոր տրանսֆերային արշավներից մեկին։ Թիմը Լա Լիգայի մրցաշրջանը եզրափակել է չորրորդ տեղում և դուրս մնացել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլից, իսկ վերջնակետը դարձել է «Վիլյառեալից» կրած պարտությունը՝ 1-5 հաշվով։

​Ալվարեսը, որը 2024 թվականին ակումբ էր տեղափոխվել 75 միլիոն եվրոյի դիմաց, ի սկզբանե համարվում էր նոր նախագծի առանցքային դեմքը։ Արգենտինացին անցկացրած 106 հանդիպումներում խփել է 49 գոլ, սակայն մադրիդյան թիմի հետ դեռևս ոչ մի տիտղոս չի նվաճել։

​Հարձակվողի ծառայություններով ակտիվորեն հետաքրքրված են ֆրանսիական ՊՍԺ-ն, Լոնդոնի «Արսենալը», ինչպես նաև կատալոնական «Բարսելոնան», որն արդեն հասցրել է բանակցություններ վարել տրանսֆերի շուրջ։ Նշվում է, որ Մադրիդում ցանկանում են արգենտինացու վաճառքից ստանալ առնվազն 100 միլիոն եվրո։

​Ակնկալվում է, որ ստացված միջոցներն ակումբը կուղղի «Մանչեսթեր Սիթիից» հեռացող կիսապաշտպան Բերնարդու Սիլվայի, ինչպես նաև Լոնդոնի «Տոտենհեմի» պաշտպան Կրիստիան Ռոմերոյի ձեռքբերմանը։

Leave a Comment