Խորվաթ կիսապաշտպան, 2018 թվականի «Ոսկե գնդակի» դափնեկիր Լուկա Մոդրիչը որոշել է չերկարաձգել պայմանագրի ժամկետը «Միլանի» հետ։ Այս տարվա սեպտեմբերին կլրանա Մոդրիչի 41-ամյակը։ Ինչպես հայտնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան, լեգենդար ֆուտբոլիստը մտադիր է պրոֆեսիոնալ կարիերայի ավարտի մասին հայտարարել աշխարհի 2026 թվականի առաջնությունից հետո։
Իտալական Tuttosport պարբերականի տեղեկություններով՝ կիսապաշտպանի՝ միլանյան ակումբից հեռանալու գլխավոր պատճառն այն է, որ թիմը չի կարողացել նվաճել հաջորդ մրցաշրջանի Չեմպիոնների լիգայի ուղեգիր։
Միևնույն ժամանակ աղբյուրը հայտնում է, որ Մադրիդի «Ռեալը» ծրագրում է վերադարձնել իր նախկին առաջատարին, սակայն արդեն ոչ որպես ֆուտբոլիստ։ Ակումբը կարող է խորվաթին պաշտոն առաջարկել թիմի նոր մարզչական շտաբում։