ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել 60-օրյա անցումային հուշագրի շուրջ, որը նախատեսում է հրադադարի երկարաձգում և Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների մեկնարկ, հաղորդում է Axios-ը:
Սակայն նախագահ Դոնալդ Թրամփը դեռևս վերջնականապես չի հաստատել փաստաթուղթը:
Axios-ի տվյալներով՝ կողմերն արդեն համաձայնության են եկել անցումային հուշագրում տեղ գտած կետերի մեծ մասի շուրջ: Իրանը պարտավորվում է 30 օրում մաքրել նեղուցն իր տեղադրած ծովային ականներից և ապահովել անվճար ու անարգել նավարկություն։
Նշվում է, որ համաձայնեցված փաստաթուղթն ավելի մեծ հնարավորություններ է ստեղծում Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների համար, աակայն որոշ մանրամասներ մնում են վիճելի, և Վաշինգտոնը ընդունում է, որ համաձայնագիրը դեռ կարող է ձախողվել:
Սակայն նույնիսկ այս միջանկյալ ձեռքբերումը անհավանական էր թվում, քանի որ իրավիճակը Մերձավոր Արևելքում մնում է ծայրահեղ լարված. չնայած խաղաղության նոր փաստաթղթի մշակմանը, կողմերը շարունակում են ռազմական բախումները։
Վերջին 24 ժամվա ընթացքում ԱՄՆ-ն և Իրանը կրկին փոխադարձ հարվածներ են հասցրել. ԱՄՆ-ն հարվածել է անօդաչու թռչող սարքերի արձակման կայանին, իրանական հրթիռներն ու անօդաչու սարքերն էլ հարձակվել են Քուվեյթում գտնվող ամերիկյան բազայի վրա:
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը սպառնացել է ԱՄՆ-ին «կոշտ պատասխանով» Իրանի վրա հետագա հարձակումների դեպքում։
Իսրայելի պաշտպանության ուժերը հինգշաբթի օրը հայտարարել են, որ հարվածել են Բեյրութին։ Լիբանանյան լրատվամիջոցների փոխանցմամբ, հարված է հասցվել Բեյրութի հարավում գտնվող Շուեյֆաթ թաղամասին։
Իսրայելական անվտանգության աղբյուրներն էլ հայտնել են, որ Բեյրութում իրենց հարվածի թիրախում եղել է «Հեզբոլլահ»-ի հետ գործող «Իմամ Հուսեյն» դիվիզիայի հրթիռային ուժերի ղեկավար Ալի ալ-Հուսնին։
Իսրայելական լրատվամիջոցներն ավելի վաղ հաղորդել էին, որ Սպիտակ տունը մտավախություն ունի, որ Բեյրութի վրա հարվածները կարող են խաթարել Իրանի հետ ընթացող բանակցությունները։
Վերջին 24 ժամվա ընթացքում Իսրայելի պաշտպանության բանակը հարվածել է «Հեզբոլլահ»-ի ավելի քան 135 թիրախների, հաղորդել է Իսրայելի պաշտպանության բանակը։