Կինոարտադրողների համահայկական ֆեդերացիան ՀՀ կառավարությանը մեղադրել է կոռուպցիայի մեջ

Կինոարտադրողների համահայկական ֆեդերացիան մեղադրել է ՀՀ կատավարությանը՝ Կաննի կինոփառատոնի հետ կապված կոռուպցիայի և հովանավորչական գործողությունների համար, հայտնել է The Armenian Report -ը։

Ֆեդերացիան խիստ քննադատության է ենթարկել ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը և կինոյի ոլորտի պետական պատասխանատուներին։  Կինոգործիչները դժգոհություն են հայտնել պետական միջոցների ծախսման արդյունավետությունից։ Ըստ նրանց՝ նախարարության ներկայացուցիչները և Հայաստանի կինոյի հիմնադրամի անդամները պետական բյուջեի հաշվին մեկնել են Կանն այն դեպքում, երբ փառատոնի հիմնական ծրագրերում որևէ ժամանակակից հայկական ֆիլմ ներկայացված չի եղել։ Բացի այդ, Ֆեդերացիան իշխանություններին մեղադրում է միայն «յուրային» կինոգործիչներին աջակցելու և ոլորտը պառակտելու մեջ։

Կազմակերպությունը մտադիր է միջազգային գործընկեր կառույցներին տեղեկացնել Հայաստանում տիրող «հովանավորչության և ազատ մրցակցությունը խոչընդոտող» քաղաքականության մասին։

Մոտ ժամանակներս Երևանում նախատեսվում է հրավիրել մամուլի ասուլիս, որտեղ կներկայացվի Կաննի փառատոնին Ֆեդերացիայի մասնակցության մանրամասն հաշվետվությունը և հայկական կինոյի միջազգային առաջխաղացմանն ուղղված ապագա ծրագրերը։

Հայտարարության մեջ նշվել է նաև, որ փառատոնի շրջանակում հայկական կինոն ունեցել է նշանակալի հաջողություններ։ Մասնավորապես, «Կաննի դասականներ» ծրագրում ներառվել են լեգենդար կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանի հինգ ֆիլմերը, իսկ ֆրանսահայ դերասան Սիմոն Աբգարյանը միջազգային ուշադրության կենտրոնում է հայտնվել Անտոնին Բոդրիի «Դը Գոլ» ֆիլմում Շառլ դը Գոլի դերը մարմնավորելու համար։

Leave a Comment