Փաշինյանն սպառնացել է Սամվել Կարապետյանին երրորդ դատական հայցով – armeniatoday.am

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանի դեմ երրորդ դատական հայցը ներկայացնելու մտադրության մասին և մեղադրել նրան իր խոսքերը խեղաթյուրելու համար։ 

Ըստ Փաշինյանի՝ պատճառը մայիսի 27-ին «Արմենիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցից հետո հնչած հայտարարություններն են, թե ինքը հաստատել է 300 000 ադրբեջանցիների՝ Հայաստանում բնակեցվելու լուրը։

Փաշինյանն սպառնացել է, որ Կարապետյանին ստիպելու է ներողություն խնդրել։

Հարցազրույցի ժամանակ հաղորդավարը խնդրել էր Փաշինյանին մեկնաբանել իր թիմակից, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի խոսքերն այն մասին, թե պետք է գա ժամանակ, երբ հայերն ու ադրբեջանցիները կապրեն կողք-կողքի՝ հղում անելով վերջինիս հարցազրույցին։ Փաշինյանը հերքել էր այդ ձևակերպումը՝ նշելով, որ Սիմոնյանը նման բան չէր կարող ասել, և որ ադրբեջանցիների գալու մասին կարելի է խոսել բացառապես զբոսաշրջիկների կարգավիճակի տեսանկյունից։

Հարցազրույցից հետո «Ուժեղ Հայաստան» դաշինքը հրապարակել էր Սիմոնյանի և ՀՀ առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանի ելույթներից մի շարք դրվագներ՝ հայտարարելով, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչներն իրենց խոսքում հենց դրա մասին են խոսում։ Դրանից հետո դաշինքի էջում հայտնվել էր հայտարարություն, թե Փաշինյանը հաստատել է 300 000 ադրբեջանցիների վերադարձը։ 

Ավելի ուշ՝ մայիսի 28-ին, «Ուժեղ Հայաստան» դաշինքի քաղաքական խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը, մեկնաբանելով Փաշինյանի հարցազրույցը, հայտարարել է, որ իշխանությունները փորձում են հերքել ու թաքցնել այն փաստը, որ նախապայմաններ են ստեղծում հարևան երկրի քաղաքացիների տեղափոխման և Հայաստանում գույք ձեռք բերելու իրավական հնարավորությունների համար։ Նրա խոսքով՝ իշխանության ներկայացուցիչների՝ ադրբեջանցիների վերադարձի մասին նախկին հայտարարություններից հետո նախընտրական փուլում հնչող հերքումները վախի արդյունք են և կրում են զուտ նախընտրական բնույթ։

Մայիսի 7-ին Փաշինյանն արդեն հայտարարել էր հայց ներկայացնելու և Կարապետյանին «իրավական իմաստով սունկ կերցնելու» մասին։ Սակայն այն բանից հետո, երբ Կարապետյանը պարզաբանել էր լրագրողներին, թե անձամբ չի տեսել սնկերի օգտագործման փաստը և միայն հիմնվում է իրեն հասած տեղեկությունների վրա, վարչապետը հրաժարվել էր դատական հայցից։

Մայիսի 14-ին վարչապետը կրկին հայտնել էր Կարապետյանի դեմ դատական հայց ներկայացնելու մասին։ Հայցի հիմքում Կարապետյանի հայտարարություն է այն մասին, թե կառավարության ղեկավարի էմոցիոնալ հայտարարությունները կարող են փոխկապակցված լինել հալյուցինոգեն սնկերի օգտագործման հետ։ 

Leave a Comment