Միացյալ Նահանգներն ու Իրանը հարվածներ են փոխանակել հրադադարի ռեժիմի պահպանման ֆոնին, հայտնել է Forbes-ը։
Ըստ աղբյուրի՝ ԱՄՆ զինվորականները խոցել են իրանական չորս անօդաչու թռչող սարք և հարված հասցրել Բանդար Աբասում գտնվող կառավարման կայանին, որտեղից նախապատրաստվում էր հինգերորդ ԱԹՍ-ի արձակումը։ Այս գործողություններից հետո Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ ի պատասխան ԱՄՆ քայլերի՝ հարվածել է ամերիկյան ավիաբազայի։ Պենտագոնը մայիսի 27-ին պատրաստակամություն էր հայտնել վերսկսել ռազմական գործողություններն Իրանի դեմ, եթե բանակցությունները ձախողվեն։
ԻՀՊԿ-ի հաղորդմամբ՝ ամերիկյան ավիաբազայի ուղղությամբ հարվածները հասցվել են տեղական ժամանակով ժամը 04:50-ին։ Կորպուսը պնդում է, որ հենց այդ բազայից է իրականացվել Իրանի օբյեկտի թիրախավորումը։ Թեև հարձակման ենթարկված ավիաբազայի տեղակայումը չի նշվում, սակայն հրթիռային և անօդաչուների գրոհներ հետ մղելու մասին հայտնել են Քուվեյթում, որտեղ գտնվում է ամերիկյան խոշոր ռազմակայան։ Հարվածների այս փոխանակումը տեղի է ունեցել մի քանի ժամ անց, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերքել էր Թեհրանի հետ փոխզիջումային համաձայնությանը մոտ լինելու մասին տեղեկությունները։
Ամերիկացի անանուն պաշտոնյան նշել է, որ իրենց քայլերը կշռադատված էին, զուտ պաշտպանական բնույթ ունեին և ուղղված էին հրադադարի ռեժիմի պահպանմանը։ Սա ԱՄՆ-ի առաջին գործողությունը չէր. մայիսի 25-ին ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) նույնպես հայտնել էր Իրանում «ինքնապաշտպանական նպատակներով» հարվածներ հասցնելու մասին»։ Այդ ժամանակ թիրախավորվել էին հրթիռների արձակման հրապարակները և իրանական կատերները, որոնք փորձում էին ականներ տեղադրել Հորմուզի նեղուցում, ինչպես նաև հարված էր հասցվել Բանդար Աբասի զենիթահրթիռային համալիրի դիրքին։
Ավելի վաղը Axios-ը հայտնել էր, որ ԱՄՆ-ն ու Իրանը մոտ են 60-օրյա հրադադարի համաձայնագիր կնքելուն։
ԱՄՆ-ն և Իսրայելն սկսել էին հարվածներ հասցնել Իրանին փետրվարի 28-ին, ապրիլի 8-ին ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության էին եկել երկշաբաթյա հրադադարի շուրջ: Իսլամաբադում կայացած բանակցությունների առաջին փուլն ավարտվել էր անարդյունք։
Մայիսի 19-ին Թրամփը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները պատրաստ է հնարավորություն տալ դիվանագիտությանը մինչև հաջորդ շաբաթվա սկիզբ՝ հետաձգելով ռազմական գործողությունների հնարավոր վերսկսումը:
