Իրանի հետ գործարքի հարցում Իսրայելն այլևս ԱՄՆ-ի վրա ազդեցության լծակներ չունի․ ԶԼՄ

Իսրայելի ղեկավարությունը կանգնել է փաստի առաջ. նրանք այլևս չունեն Իրանի հետ բանակցությունների և խաղաղության համաձայնագրի կնքման հարցում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վրա ազդելու լծակներ, հայտնել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Իսրայելի կառավարության իր աղբյուրներին։

«ԱՄՆ նախագահն ուղղակիորեն հայտարարել է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն «կանի այն ամենը, ինչ ես կցանկանամ», և դա իրական դրությունն է»,- նշել է պորտալի զրուցակիցներից մեկը՝ մեկնաբանելով Թրամփի և Իսրայելի կառավարության ղեկավարի միջև տեղի ունեցած վերջին հեռախոսազրույցը։

Կայքի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնագրի առկա նախագծերը չեն բխում Իսրայելի շահերից, քանի որ անտեսում են իրանական հրթիռային ծրագրի հարցը։ Բացի այդ, Իսրայելը շարունակում է պնդել իսլամական հանրապետությունում ուրանի հարստացման լիակատար արգելքը՝ նույնիսկ քաղաքացիական նպատակներով։ Հրեական պետության իշխանությունները կարծում են, որ իրանական սառեցված ակտիվների ապաշրջափակումը և Հորմուզի նեղուցի նկատմամբ Թեհրանի վերահսկողության պահպանումը կուժեղացնեն Իրանին և կփոխեն ուժերի հավասարակշռությունը Մերձավոր Արևելքում։

«Եթե ԱՄՆ նախագահն այժմ լիներ Ջո Բայդենը կամ Բարաք Օբաման, Նեթանյահուն արդեն ելույթ կունենար ԱՄՆ Կոնգրեսում կամ բացահայտ հարձակում կսկսեր վարչակազմի դեմ՝ օգտագործելով իր ամբողջ քաղաքական ազդեցությունը Միացյալ Նահանգներում։ Բայց սա Թրամփն է։ Այստեղ միակ բանը, որ Նեթանյահուն կարող է անել, տարբեր աղբյուրների միջոցով գործարքը քննադատելն է»,- պարզաբանել է պորտալի մեկ այլ զրուցակից։

Միևնույն ժամանակ, Իսրայելի իշխանություններն այլևս չեն պնդում Իրանի դեմ ռազմական գործողությունների վերսկսումը՝ հաշվի առնելով ԱՄՆ-ի ներքին իրավիճակը։ Աղբյուրի ձևակերպմամբ՝ իրենք հասկանում են ԱՄՆ նախագահի առջև ծառացած սահմանափակումները, սակայն որպես տարբերակ՝ տեսնում են Իրանի հետագա շրջափակման շարունակումը։ Իսրայելական կողմին այժմ մնում է միայն բացատրել ամերիկացի գործընկերներին այս համաձայնագրի ստորագրման բացասական հետևանքները։

Ավելի վաղը Axios-ը հայտնել էր, որ ԱՄՆ-ն ու Իրանը մոտ են 60-օրյա հրադադարի համաձայնագիր կնքելուն։

ԱՄՆ-ն և Իսրայելն սկսել էին հարվածներ հասցնել Իրանին փետրվարի 28-ին, ապրիլի 8-ին ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության էին եկել երկշաբաթյա հրադադարի շուրջ: Իսլամաբադում կայացած բանակցությունների առաջին փուլն ավարտվել էր անարդյունք։

Մայիսի 19-ին Թրամփը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները պատրաստ է հնարավորություն տալ դիվանագիտությանը մինչև հաջորդ շաբաթվա սկիզբ՝ հետաձգելով ռազմական գործողությունների հնարավոր վերսկսումը:

Leave a Comment