Սփյուռքի և Հայաստանի միջև կապն այլևս միայն հուզական չէ. այն վերածվել է գործնական, արդյունավետ և կենսական առաքելության։ «Սփյուռքի ձայնը» հաղորդաշարի շրջանակում հիմնադրամի տնօրեն Սևան Կաբաքյանը ներկայացրեց «Դեպի Հայք» (Birthright Armenia) հիմնադրամի ձեռքբերումներն ու այն փիլիսոփայությունը, որն ընկած է հազարավոր երիտասարդների հայրենադարձության հիմքում։
2023. ռեկորդային տարի և նոր հորիզոններ
2023 թվականը հիմնադրամի համար դարձավ աննախադեպ՝ հյուրընկալելով 250 կամավորների աշխարհի տարբեր ծայրերից։ Եթե տարիներ առաջ մասնակիցների ճնշող մեծամասնությունը (շուրջ 80%) ԱՄՆ-ից էր, ապա այսօր աշխարհագրությունը զգալիորեն ընդլայնվել է. ակտիվ են Ֆրանսիան, Ռուսաստանը, Հարավային Ամերիկան և անգամ Ճապոնիան։ Սակայն, ինչպես նշում է Սևան Կաբաքյանը, քանակից առավել կարևոր է յուրաքանչյուր անհատի ներքին փոխակերպումը։
Ռոմանտիզմից դեպի իրական Հայաստան
Ծրագրի հաջողության գաղտնիքներից մեկը «իրական երկրի» գաղափարն է։ Հիմնադրամը փորձում է երիտասարդներին զերծ պահել չափազանցված ռոմանտիզմից՝ նրանց առերեսելով հայրենիքի իրական կյանքին՝ իր բոլոր դրական ու բացասական կողմերով։ «Հայաստանը իրական երկիր է՝ իրական մարդկանցով։ «Ձեր երկրներում որոշ բաներ սիրում եք, որոշ բաներ՝ չէ»,— ասում եմ նրանց,- «Հայաստանը ճիշտ նույնն է»։ Մենք փորձում ենք այդ ռոմանտիկ մոտեցումը մի կողմ դնել և ոտքերը պինդ դնել գետնին»,— ընդգծում է Սևան Կաբաքյանը։
Փարոսի գաղափարը՝ որպես առաջնորդող ուժ
Հայաստանի ներկայիս մարտահրավերների պայմաններում հիմնադրամը որդեգրել է «Փարոսի» տեսլականը։ Անկախ նրանից, թե որքան ալեկոծ է ծովը, նավը պետք է ընթանա դեպի լույսը։ Կամավորների համար այդ լույսը հզոր ու հաջողակ Հայաստանն է։ «Պետք է աչքը պահել փարոսի վրա և գնալ այդ ուղղությամբ։ Հիմա ժամանակը չէ հեռու մնալու, մտահոգվելու կամ վախենալու։ Հիմա ժամանակն է առավել ևս այս բոլորի մեջ նետվելու»,- ասում է հիմնադրամի տնօրենը։

Միայն Երևանով չսահմանափակվող հայրենիք
«Դեպի Հայքի» ռազմավարության կարևոր մասն է կամավորների ապակենտրոնացումը։ Գյումրիի և Վանաձորի շուրջտարյա գրասենյակները հնարավորություն են տալիս սփյուռքահայ երիտասարդին տեսնել Հայաստանն իր ամբողջականության մեջ։ Հաջորդ նպատակակետը Սյունիքն է։ Սա օգնում է նրանց հասկանալ, որ հայրենիքը միայն մայրաքաղաքի կենտրոնը չէ, այլ յուրաքանչյուր մարզն ու գյուղը։
Ազատություն և հանձնառություն
Հիմնադրամը կամավորին չի պարտադրում մնալ, բայց ստեղծում է բոլոր պայմանները, որպեսզի այդ որոշումը լինի բնական և գիտակցված։ Երեք ամիս անվճար կեցություն, աջակցություն քաղաքացիության հարցում և աշխատանքի տեղավորում՝ սրանք այն գործիքներն են, որոնք «Դեպի Հայքը» դարձնում են հայրենադարձության հուսալի նեցուկ։
Սակայն ամենակարևորը հոգեբանական պատնեշների վերացումն է։ Սևան Կաբաքյանի համոզմամբ՝ «սփյուռքահայ» և «հայաստանցի» արհեստական բաժանումը վնասակար է ազգային միասնության համար։ «Բաժանելը, որ դուք սփյուռքահայ եք, իսկ մենք՝ հայաստանցի, ամենավտանգավոր բանն է։ Կա հայ, որն ապրում է աշխարհում։ Մենք ուզում ենք բացել այս դուռը մարդկանց դիմաց, որ իրենք տեսնեն՝ իրենց կյանքում կարող են համահայկական նպատակներ հետապնդել»։
«Դեպի Հայք» հիմնադրամի գործունեությունը վկայում է այն մասին, որ Սփյուռքի ներուժը ոչ թե հեռավոր օգնությունն է, այլ անմիջական ներկայությունը։ Յուրաքանչյուր երիտասարդ, որը գալիս է Հայաստան, իր հետ բերում է նոր էներգիա, մասնագիտական հմտություններ և, ամենակարևորը, հավատ ապագայի հանդեպ։ Ինչպես հարցազրույցի վերջում նշեց Սևան Կաբաքյանը, հաջողության բանալին ներքին ճկունության և հայրենիքն իր ամբողջականությամբ ընդունելու մեջ է։