Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ճեպազրույցում անդրադարձել է ընդդիմադիրներին՝ նշելով, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այնքան է կորցրել իրականության զգացումը, որ կարող է մտածել ՀՀ ընտրություններում հաղթելու մասին։
«ՀՀ իրավապահ և ինստիտուցիոնալ համակարգը բավական կայացած է, որ բնում խեղդի հեղաշրջման ցանկացած փորձ։ Իսկ եթե Ռոբերտ Քոչարյանն այնքան է կորցրել իրականության զգացումը, որ կարող է մտածել ՀՀ ընտրություններում հաղթելու մասին, դրա վերաբերյալ անիմաստ եմ համարում որևէ մեկնաբանություն անել։ Մնում է միայն կարեկցել այդ մարդուն»,- ասել է նա։
Խոսելով ռուսաստանահայ գործարար Սամվել Կարապետյանի մասին՝ վարչապետը հայտնել է, որ երրորդ դատական հայցն է ներկայացնելու նրա դեմ՝ 300.000 ադրբեջանցիների վերադարձի մասին թեզի համար։
«Երեկվա տվածս հարցազրույցից հետո հայտարարել են, որ ես հաստատել եմ, թե 300 հազար ադրբեջանցի է բնակեցվելու Հայաստանում։ Այդ կապակցությամբ 3-րդ հայցը կներկայացնեմ։ Ակնհայտ է, որ երրորդ ներողությունը պետք է խնդրի Սամվել Կարապետյանը»,- նշել է վարչապետը։
