Սամվել Ալեքսանյանի ընկերություններում ընտրական ցուցակագրումներ են սկսվել. ԶԼՄ

Գործարար Սամվել Ալեքսանյանին պատկանող ընկերություններում ընտրությունների հետ կապված ցուցակագրումներ են կատարվում, հայտնել է  «Հրապարակ» օրաթերթը՝ հավելելով, որ դեռ հայտնի չէ, որ քաղաքական ուժի համար։

Թերթը գրել է, որ Ալեքսանյանը մինչ վերջերս չի կողմնորոշվել, թե որ քաղաքական ուժին է աջակցելու, քանի որ «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի հետ ունի քավորսանիկական հարաբերություններ, սակայն, ըստ թերթի, չի կարողանալու դիմադրել իշխանությունների ճնշումներին և աշխատելու է նրանց օգտին։

Պարբերականի փոխանցմամբ՝ արդեն մի քանի շաբաթ է՝ ցուցակագրում են գործարարին պատկանող «Երևան սիթի» սուպերմարկետների, «Վեգա» էլեկտրոնիկայի խանութների, Բաղրամյանի ալյուրի գործարանի աշխատողներին։

ԶԼՄ-երն ավելի վաղ հայտնել էին, որ իշխանությունները բիզնեսի ներկայացուցիչների նկատմամբ ճնշումների լայնածավալ արշավ են սկսել՝ սպառնալով կալանավորմամբ և գույքի բռնագանձմամբ, եթե վերջիններս հրաժարվեն սատարել վարչապետ Նիկոլ Փաշինյանին

Գործարարներն ապրիլի 13-ին Փաշինյանի հետ հանդիպմանը դժգոհել էին Ռուսաստանի հետ վարած քաղաքականության հետևանքով իրենց համար ստեղծված իրավիճակից, սակայն ըստ ԶԼՄ-ների՝ գործադիրի ղեկավարն ամեն գնով փորձել էր կանխել այդ դժգոհությունները։

Leave a Comment