Հայաստանի ԵՄ անդամակցություն. նախընտրական սուտ կամ էժան պոպուլիզմ. Արթուր Ղազինյան

Վերջին շրջանում ՀՀ իշխանությունը ՀՀ ժողովրդի մեջ տարածում է Հայաստանի ԵՄ անդամակցության «ապագա»` տարրական գիտելիք չունենալով ԵՄ անդամակցության գործընթացի վերաբերյալ:

ԵՄ-ին անդամակցել ցանկացող պետությունը պետք է լինի ԵՎՐՈՊԱԿԱՆ (ԵՄ պայմանագրի 49 հոդված) և ամբողջությամբ բավարարի 1993թ Կոպենհագենում կայացած Եվրոպական խորհրդի ընդունած չափանիշներին, որոնք ունեն 3 հիմնական բաղադրիչներ.

ՔԱՂԱՔԱԿԱՆ

– կայուն ժողովրդավարական համակարգ

– իրավոունքի գերակայություն

– անկախ և արդյունավետ գործող դատական համակարգ

– մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների արդյունավետ և երաշխավորված համակարգ

ՏՆՏԵՍԱԿԱՆ

– շուկայական տնտեսություն

– ազատ մրցակցային տնտեսություն

– մասնավոր սեփականության պաշտպանության երաշխիքներ

-մակրոտնտեսական կայունություն

-ներդրումների իրավական պաշտպանություն

ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ

-գործող օրենսդրությունն ամբողջությամբ համապատասխանեցնել ԵՄ իրավական համարգին

-ԵՄ իրավունքի ամբողջական և արդյունավետ կիրառում պետության տարածքում:

ԵՄ անդամակցության արագացված ժամկետը 7-ից 10 տարի է, միջին արագությամբ` 15 տարի:

Թուրքիան ԵՄ անդամակցության հայտ է ներկայացրել 1987թ-ին, իսկ թեկնածու պետության կարգավիճակ ստացել է միայն 1999թ-ին: Մինչ օրս չի դարձել ԵՄ անդամ:

Եթե ինչ որ հրաշքով Հայաստանը բավարարի 1993թ կոպենհագենյան չափանիշներին, համարվի եվրոպական պետություն և ունենա ԵՄ հետ ընդհանուր (ծովային կամ ցամաքային) սահման, ապա անդամակցության գործընթացը կտևի 15-ից 20 տարի:

ԵՄ հետ ընդհանուր սահման կարող է ունենալ միայն 2 ճանապարհով. Վրաստան և Թուրքիա: Այս 2 պետությունները տեսանելի ապագայում չեն կարող անդամակցել ԵՄ-ին, հետևաբար Հայաստանի ԵՄ անդամակցությունն առաջիկա 3 տասնամյակում ուղղակի անհնար է:

Որպեսզի ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակում (ԱՄՆ-ԵՄ-Ռուսաստան -Իրան-Թուրքիա) փաստացի սկսվի նման գործընթաց, Հայաստանը պետք է վաղը դուրս գա ԵԱՏՄ-ից, ՀԱՊԿ-ից, դուրս բերի ռուսական 102-րդ ռազմական բազան, դադարեցնի տնտեսության և անվտանգության ոլորտում Ռուսաստանի հետ կնքված բոլոր երկկողմ և բազմակողմ-պայմանագրերը, դիմում ներկայացնի ՆԱՏՕ-ին միանալու համար:

ՄԻԱՅՆ ԱՅՍ գործողությունները անելուց հետո Հայաստանը հնարավորություն կունենա պաշտոնապես դիմել ԵՄ անդամակցության` առանց վերջնական անդամակցության երաշխիքների: Հիշեցնեմ, անդամակցության գործընթացի միջին ժամկետը 15-ից 20 տարի է:

Եթե ՀՀ գործող իշխանությունը ԻՍԿԱՊԵՍ նպատակ ունի սկսել ԵՄ անդամակցության գործընթաց, ապա պետք է պատասխանի հետևալ 2 հարցին.

1. Ինչպես է պատրաստվում երաշխավորել ՀՀ անվտանգությունն առաջիկա 25 տարում` չլինելով որևէ անվտանգության համակարգի մաս` ունենալով բարդ և լարված հարաբերություններ Ռուսաստանի և Իրանի հետ (որպես այս գործընթացի կանխատեսելի հետևանք) և խիստ վտանգավոր խաղաղություն Ադրբեջանի հետ, և

2. ինչպե՞ս է պատրաստվում ապահովել Հայաստանի տնտեսության կայուն աճը` Ռուսաստանի և Իրանի հետ առևտրային սահմանափակումների պարագայում:

Հ.Գ. Այս իրողությունները պետք է հաշվի առնեն ՀՀ ԵՄ անդամակցության մասին խոսացող ցանկացած քաղաքական ուժ և անհատ, ԵԹԵ ԻՀԱՐԿԵ ԻՐԱԿԱՆՈւՄ

ԱՌԱՋՆՈՐԴՎՈւՄ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇԱՀԵՐՈՎ

Արթուր Ղազինյան, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ

Leave a Comment