Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հերքել է մի շարք լրատվամիջոցներում տարածված տեղեկատվությունն այն մասին, թե ՌԴ-ն որոշում է ընդունել ընթացիկ տարում ամբողջությամբ դադարեցնել Հայաստանից ծիրանի ներմուծումը։
Ըստ ՍԱՏՄ-ի՝ տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում:
Նշվում է, որ նման որոշումները կայացվում են միայն երկրների լիազոր մարմինների կողմից և անմիջապես պաշտոնապես տեղեկացվում մյուս երկրի համապատասխան կառույցին:
«Տվյալ դեպքում ՌԴ լիազոր մարմնից՝ Անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայությունից («Ռոսսելխոզնադզոր»), ՀՀ լիազոր մարմինը՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, որևէ պաշտոնական ծանուցում չի ստացել»,- հավելել են ՍԱՏՄ-ից:
