«Միլանում» լուրջ վերակառուցում է սկսվել. ձախողված մրցաշրջանից և Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճել չկարողանալուց հետո ակումբը մի շարք արմատական փոփոխությունների է գնացել։
Պաշտոնանկ է արվել գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին, իրենց աթոռներին հրաժեշտ են տվել նաև գլխավոր և սպորտային տնօրեններ: Այժմ միլանյան ակումբը ցանկանում է թիմի ղեկին տեսնել ժամանակակից և հարձակվողական ֆուտբոլ դավանող մարզչի։
Ինչպես հայտնում է Corriere dello Sport-ը, ակումբի սեփականատեր հանդիսացող Redbird ներդրումային ընկերության խորհրդական Զլատան Իբրահիմովիչն ակտիվորեն առաջ է քաշում «Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Չավիի թեկնածությունը: Շվեդ լեգենդն անձամբ է զանգահարել իսպանացի մասնագետին՝ քննարկելու «Միլանում» աշխատելու հնարավորությունը։
Չավին, ով կատալոնական ակումբը գլխավորել է 2021-2024 թվականներին՝ նվաճելով Իսպանիայի չեմպիոնի տիտղոսն ու երկրի Սուպերգավաթը, «Բարսելոնայից» հեռանալուց հետո արդեն երկու մրցաշրջան է՝ մարզչական աշխատանք չունի։
Այնուամենայնիվ, իտալացի հայտնի լրագրող Մատեո Մորետոյի տեղեկություններով՝ Չավին այս պահին առաջնահերթ տարբերակը չէ: Ակումբի ղեկավարության համար թիվ մեկ թեկնածուն Անդոնի Իրաոլան է: Իսպանացի մասնագետը վերջերս է լքել անգլիական «Բորնմութը», որին ակումբի պատմության մեջ առաջին անգամ դուրս էր բերել եվրագավաթային մրցաշարեր։ Բանակցությունները նոր մարզչի նշանակման շուրջ շարունակվում են։