Փորում են ԵԱՏՄ-ի գերեզմանը․ Փաշինյան

Փորում են ԵԱՏՄ-ի գերեզմանը․ Փաշինյան

Միջանցքի թեմա չկա և չի էլ եղել, Աբովյանում այսօր տեղի ունեցած քարոզարշավի իր ելույթի շրջանակներում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

«Այդ եռագլուխ կուսակցությունն էր անընդհատ շոշափում թեման՝ փորձելով ՀՀ ժողովրդին ահաբեկել և լեգիտիմ իշխանությանը վարկաբեկել՝ իրականացնելով իշխանափոխություն, հետո տրամադրել այդ միջանցքը և ասել, որ իբրև մեր կառավարության ստանձնած պարտավորությունն էր»,- ասել է վարչապետը։

Անդրադառնալով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարություններին, թե ՀՀ-ն ոչ մեկի պետք չէ, Փաշինյանն ընդգծել է, որ հիմա այդ նույն մարդը ոտ ու ձեռ է ընկել, թե ՀՀ-ն գնում է ԵՄ, ակտիվացրել է իր գործակալին, որ նա ՀՀ-ն շղթայի այնպես, ինչպես շղթայված էր 2018-ից։

«ՀՀ-ն ոչ միայն չի պատրաստվում դուրս գալ ԵԱՏՄ-ից, այլև ես ԵԱՏՄ միակ պաշտոնյան եմ, որ միևնույն ժամանակ անդամ է 2 բարձրագույն կառավարման մարմնի։ Այդ լծակները պատրաստվում եմ օգտագործել և կօգտագործեմ։ Այդ սին հայտարարություններն անողները չեն հասկանում, որ փորում են ԵԱՏՄ-ի գերեզմանը։ Ընտրություններից հետո կվերադառնամ, իսկ ԵԱՏՄ նիստին կմասնակցի փոխվարչապետը»,- ասել է նա։

Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ այսօր ՀՀ-ն կենսականորեն պետք է թե՛ արևելքին, թե՛ արևմուտքին, թե՛ հարավին, թե՛ հյուսիսին, և ՀՀ-ին նրանք պետք է լավագույն առաջարկն անեն, իսկ ՀՀ ժողովուրդը կկատարի իր ընտրությունը։

«Մենք այլևս կոնֆլիկտի փակուղի չենք, մենք խաղաղության խաչմերուկ ենք։ Սպառնալից ակնարկներ անելով սխալ եք վարվում։ ՀՀ-ն այլևս միլիարդների և տրիլիոնների երկիր է։ Սա այլևս թալանված երկիր չէ»,- ասել է նա։

Leave a Comment