Մեկի տեսակետից՝ ինքնապաշտպանություն, մյուսի տեսակետից՝ հրադադարի խախտում
Միացյալ Նահանգները շաբաթասկզբին հարվածներ է հասցրել Իրանին: Ամերիկացի բարձրաստիճան զինվորականների փոխանցմամբ, գրոհի թիրախներն էին հրթիռների արձակման կայանները և մարտական նավակները:
Պենտագոնն ասում է, որ հարվածներ հասցնելու որոշումն ընդունվել է ինքնապաշտպանության նպատակով:
Միանգամայն հակառակ տեսանկյունից բախումը որակել են Իրանում, որտեղ ասել են, թե Ամերիկան նենգաբար խախտել է հրադադարը և կպատժվի այդ ահաբեկչական արարքի համար: Թեհրանն ընդգծել է, որ ունի վճռական հակահարված տալու իրավունք:
«Կամ լավ գործարք, կամ ոչ մի գործարք»
Կողմերը պետք է համաձայնեցնեն առճակատումը դադարեցնելու խնդիրը: Միացյալ Նահանգների արտաքին գերատեսչության ղեկավարը Հորմուզի նեղուցի վերաբացման թեման օդանավում քննարկել է մի խումբ լրագրողների հետ:
Մարկո Ռուբիոն նշել է, որ բոլոր երկրների շահերից է բխում նավթի փոխադրման առումով չափազանց կարևոր նշանակություն ունեցող այդ նեղուցի բնականոն աշխատանքը: Ընդ որում, ըստ պետական քարտուղարի, ոչ մի երկիր չի ցանկանա ինչ-որ սակագին վճարել նեղուցով օգտվելու համար:
Նրա խոսքով, վճարովի համակարգի մասին միայն Թեհրանի ռեժիմն է խոսում: Ընդհանրապես, նեղուցները պետք է բաց լինեն, և անցման համար գումարներ չպետք է գանձվեն։ Հետևաբար, անհրաժեշտ է հստակ լուծում:
«Դա կամ կլինի շատ լավ գործարք, կամ ընդհանրապես ոչ մի գործարք չի լինի»,-ասել է Ռուբիոն:
«Իրանն անարձագանք չի թողնի ագրեսիան»
Մինչդեռ, Իրանում շարունակում են խստորեն քննադատել Վաշինգտոնի հարձակումը, նշելով, որ երկուշաբթի օրվա ռազմական գործողությունը մեծ վնաս է հասցրել բանակցային գործընթացին:
Այդ խնդրի վերաբերյալ Իրանի արտաքին գործերի նախարարությունը հրապարակել է հատուկ ուղերձ, որն ընթերցել է Իրանի պետական հեռուստատեսության հաղորդավարուհին:
«Իրանը երբեք անարձագանք չի թողնի իր դեմ որևէ ագրեսիվ գործողություն և ամեն բան կանի իր ժողովրդին պաշտպանելու համար: Ամերիկան պատասխան է տալու այդ գրոհի համար»,- ասվում է ԻԻՀ ԱԳ հայտարարությունում:
Շայթանի քարկոծումը
Սկսվել է հաջը՝ մահմեդականների տարեկան ուխտագնացությունը, մոտ 1.5 միլիոն հավատացյալներ, այդ թվում Իրանից, հասել են Սաուդյան Արաբիա, որտեղ Մինայի հովտում այսօր հատուկ ծես է՝ Սատանայի, կամ Շայթանի քարկոծումը:
Նրանք երեքական քար են նետում Սատանային խորհրդանշող երեք սյուների վրա: Ծեսն առնչություն ունի Աբրահամյան կրոնների՝ հուդայականության, իսլամի և քրիստոնեության հետ և խորհրդանշում է չար դավեր նյութող Սատանայի պարտությունը:
Ատելության աղբյուրը չի ցամաքում
Այսօր Մերձավոր Արևելքում և ամբողջ աշխարհում մեծ թվով մահմեդականներ համոզված են, որ Սատանայի կերպարը մարմնավորում են Իսրայելը և Միացյալ Նահանգները: Բռնությունների շղթան Մերձավոր Արևելքում չի ընդհատվում: Ատելության աղբյուրը չի ցամաքում:
Այսօրվա գործողություններն էլ ավելի են սրում վիճակը: Այդ մասին է խոսել պատերազմները հետևողականորեն և աներկբա դատապարտող կաթոլիկ աշխարհի հոգևոր առաջնորդ, Հռոմի Լևոն 14-րդ պապը․
«Մենք ավելի ու ավելի շատ ատելություն ենք հրահրում, բռնությունը չի օգնում կողմերից և ոչ մեկին, ուստի ուղերձը պետք է լինի այն, որ վերադառնանք բանակցություններին, ձգտենք երկխոսությամբ լուծել խնդիրները և հարգենք բոլոր մարդկանց իրավունքները»,- ասել է Հռոմի պապը։
Տեղի կունենա ԱՄՆ կառավարության նիստ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր՝ մեր թողարկման ավարտից հետո, Երևանի ժամանակով երեկոյան 7-ին գումարելու է կառավարության նիստ, որին ներկա կլինեն առանցքային բոլոր պաշտոնյաները: