Հայաստանի նկարիչների միության ցուցասրահում բացվել է նկարիչ աբստրակցիոնիստ Մոկո Խաչատրյանի «Անվերնագիր» խորագրով անհատական ցուցահանդեսը։
Մոկո Խաչատրյանը մեկնաբանում է, որ մարդիկ միշտ սիրում են ինչ-որ բանի վրա հենվել, և քանի որ աբստրակտ արվեստն ամեն մեկը չէ, որ հեշտությամբ ընկալում է, հուշումն այստեղ կարևոր է դառնում։ Այդուհանդերձ, նա հատուկ անվանում չի ընտրել, քանի որ համարում է, որ աբստրակտ արվեստը սահմանափակումներ չունի։ Երբ կտավին անուն ես դնում, դիտողին ստիպում ես տեսնել հենց այն, ինչ ինքդ ես ցանկանում, իսկ «Անվերնագիր» տարբերակն ընտրվել է, որպեսզի յուրաքանչյուրն այստեղ գտնի իր սեփական զգացողություններն ու ասոցիացիաները։
Մոկո Խաչատրյանը խոստովանում է, որ այս ցուցահանդեսը կազմակերպել է շատ սպոնտան։ Երկար ժամանակ անհատական ցուցահանդես չէր ունեցել և ցանկանում էր առաջին հերթին հենց ինքն իր համար կողքից տեսնել սեփական գործերը, քանի որ արվեստանոցի պայմաններում հնարավոր չէ աշխատանքներն ընկալել ամբողջական տարածության մեջ։
Ցուցասրահում ներկայացված են 2024–2026 թվականների ստեղծագործությունները։ Ժամանակի ընթացքում մարդը, նրա մտածելակերպն ու ներաշխարհը փոխվում են. նախորդ՝ «Սև, սպիտակ, կարմիր» ցուցահանդեսի համեմատ՝ այստեղ ավելի շատ գույն կա։ Նա նշում է, որ երբ արվագետն իր էությամբ մտածող է, անընդհատ ենթարկվում է ինքնափոփոխության, և երբեմն ինքն էլ չի հասկանում, թե ինչպես է փոխվում արվեստը։ Այժմ, եթե նույնիսկ փորձի հասկանալ, թե որ քայլից հետո ուր հասավ կամ ինչպես այդ նոր գույները հայտնվեցին իր կտավներում, միևնույն է, չի կարողանա բացատրել, քանի որ այդ ամենը տեղի է ունենում ենթագիտակցական մակարդակում։
Հայաստանի նկարիչների միությունում Մոկո Խաչատրյանի անհատական ցուցահանդեսը կգործի մինչև մայիսի 30-ը: