Կառավարությունը հաստատել է Պետական տեղեկատվական համակարգի տվյալների փոխանակման շերտի ստեղծման և կիրառման կարգը։ Այն կերաշխավորի տվյալների փոխանակման անվտանգությունը, տվյալների հասանելիությունը, հետագծելիությունը։
Հիմնավորման համաձայն՝ ՏՓՇ-ն տեղեկատվական համակարգերի միջև կենտրոնացված կառավարվող, բաշխված տվյալների փոխանակման շերտ է՝ հիմնված X-Road միջուկի վրա: Այն ապահովում է ծառայությունների ձևավորման և մատուցման ստանդարտացված և անվտանգ միջավայր՝ ապահովելով տվյալների փոխանակման կողմերի միջև գաղտնիությունը, ամբողջականությունը և փոխգործունակությունը: Արդյունքում՝ ՀՀ-ում կստեղծվի և կգործարկվի պետական տեղեկատվական համակարգի տվյալների փոխանակման միասնական շերտը, որը կհանդիսանա թվային կառավարման հիմնասյուներից մեկը։ Մասնավորապես՝ ակնկալվում է փոխգործելիության ապահովում. Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև մասնավոր կազմակերպությունների տեղեկատվական համակարգերը կկարողանան իրական ժամանակում, ստանդարտացված պրոտոկոլներով փոխանակել տվյալներ՝ վերացնելով տեղեկատվական մեկուսացումը։ Ակնկալվող արդյունքներից մեկն էլ անվտանգության բարձրացումն է. կներդրվեն տվյալների փոխանակման անվտանգության բարձր չափանիշներ (գաղտնագրում, ժամանակի դրոշմակնքում), ինչը կբացառի տվյալների չարտոնված մուտքը, փոփոխումը կամ կորուստը փոխանցման ընթացքում։ «Մեկ հարցման» սկզբունքի իրացման արդյունքում՝ քաղաքացիները և տնտեսվարողները ստիպված չեն լինի պետական մարմիններին բազմիցս տրամադրել նույն տեղեկատվությունը. պետական մարմինները կստանան անհրաժեշտ տվյալները միմյանց շտեմարաններից՝ փոխանակման շերտի միջոցով։ Հնարավորություն կստեղծվի նաև վերահսկելու տվյալների շարժը, արձանագրելու հարցումները և ապահովելու տվյալների մշակման թափանցիկությունը, ինչը կբարձրացնի հանրային վստահությունը թվային ծառայությունների նկատմամբ՝ պաշտպանելով հիմնարար (սկզբնաղբյուր) տվյալների ամբողջականությունն ու անաղարտությունը։
Ինչպես նշել է ԲՏԱ նախարարի տեղակալ Գևորգ Մելիքսեթյանը, մինչ այս կար մի իրավիճակ, երբ պետական մարմինների շտեմարանների միջև ինֆորմացիայի փոխանցումը տեղի էր ունենում տարբեր մոդելներով՝ լինի դա փակ ճարտարապետություն, բաց ճարտարապետություն, և դա հնարավորություն էր տալիս, որպեսզի մեկ պետական մարմնի շտեմարանի տվյալները կրկնօրինակվեին մյուս պետական մարմնի մոտ: «X-Road տարբերակի պարագայում ունենալու ենք մի շարք առավելություններ, առաջինը պետական մարմինների տվյալների կրկնօրինակման բացառություն է, բավականին բարձրանալու է անվտանգության, գաղտնիության ապահովման որակը, ապահովվելու է հետագծելիությունը, ինչպես նաև թափանցիկությունը»,- ասել է փոխնախարարը։
Ըստ Գևորգ Մելիքսեթյանի՝ ներկայումս ինտեգրացիայի փուլում ներգրավված է 35 մարմին, որից 20-ը՝ պետական, 15-ը՝ մասնավոր. «Պետական մարմինների պարագայում մինչև 2027 թվականի հուլիսի 1-ը պարտադիր է լինելու տվյալ համակարգին ինտեգրացիան, իսկ ՏԻՄ մարմիններին, իրավաբանական և ֆիզիկական անձանց պարագայում լինելու է ըստ հայեցողության»։
Քննարկվող թեմայի շուրջ ծավալվել է մտքերի փոխանակություն, որի ընթացքում ներկայացվել են տարբեր դիտարկումներ, արծարծվել են բովանդակությանն առնչվող հարցեր: Մհեր Գրիգորյանը կարևորել է ընդունված որոշումը և նշել, որ այն կդառնա կարևոր գործիք՝ պետական համայնքային ծառայությունների գույքագրման գործընթացում։ Փոխվարչապետն այդ համատեքստում ընդգծել է նաև եվրոպական ստանդարտներին համապատասխան անձնական տվյալների պաշտպանության ապահովումը։